Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներին

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ողջունելով խորհրդարանական պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի թագավորությանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև այս դժվարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ Նորին Սրբությունը նշեց, որ այդ ամենի արդյունքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստներ, տեղահանված բնակչություն և մինչ օրս Ադրբեջանում պահվող գերիներ։ Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության և բարեկամ երկրների հստակ դիրքորոշումը, որի արդյունքում հնարավոր կլինի զսպել ադրբեջանական շարունակվող ագրեսիան և ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին պարոն Մարկ Դեմեսմեկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնյա երկրներ, ունեն նույն արժեհամակարգը, ինչն էլ ավելի է ամրապնդում երկու երկրների բարեկամությունը։ Պարոն Դեմեսմեկերն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Բելգիան նույնպես միջոցներ է ձեռնարկում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Քույր եկեղեցիների փոխգործակցությանը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և հումանիտար ծրագրերին»։

Возможно, это изображение 8 человек и люди стоят