Անահիտ Ավանեսյանը և Թեդրոս Գեբրեյեսուսը քննարկել են ԱՀԿ-ի հետ իրականացվող ծրագրերը և ձեռք բերված պայմանավորվածությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը Ֆեյսբուքի իր էջում: «Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքից: 

 Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը: Քննարկել ենք նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում»,- գրել է նախարարը: