ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան. նոր փոփոխություններ

Կառավարությունը հավանության արժանացրեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսում ենք գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար (դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանը)։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործել է վարչական դատավարության երկու օրենսգիրք և երկուսում էլ գրավոր ընթացակարգ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա։ 

«Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն` վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566%-ով ավելացել են։ Եվ եթե նայենք 2018-2020 թվականների վիճակագրությունը, այն գործերը, որոնց համար ներդնում ենք գրավոր ընթացակարգ, կազմում են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Օրինակ՝ 2019 թվականին վիճարկման հայցերով 7 հազար 165 դատական ակտ է կայացվել, որից 5 հազար 755-ը վերաբերել են նշածս գործերին,- ասաց նախարարը՝ ավելացնելով,- հետևաբար, հիմք ընդունելով այս  գործերի բնույթը և այդ իրավախախտումներով գործերի քննության համեմատաբար պարզ լինելը` մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով: Իսկ վերաքննիչ դատարան, օրինակ 2019 թվականին 5 հազար 755 ակտից բողոքարկվել է 2 հազար 84-ը, որից 35 տոկոսը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից»։  

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գործի քննության գրավոր ընթացակարգ, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել պարտադիր գրավոր ընթացակարգով, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր, այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսել հնարավորություն վարչական դատարանի համար կիրառել գրավոր ընթացակարգ,

Վերաքննիչ վարչական դատարանին տալ հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառիկ դեպքերում դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա էականորեն կբերի դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավորների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքները՝ նախագիծը կառավարության որոշմամբ ճանաչվեց անհետաձգելի: