Շոտլանդական հագիսը կրկին Երեւանում` պարկապզուկահարի ուղեկցությամբ

Շոտլանդական հագիսը կրկին Երեւանում` պարկապզուկահարի ուղեկցությամբ
Շոտլանդական հագիսը կրկին Երեւանում` պարկապզուկահարի ուղեկցությամբ

Արդեն տասնչորս տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բըրնսի Ընթրիք, նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին: Ընթրիքի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է, այլեւ բարեգործական նպատակներով գումար հավաքագրելը:

Անցյալ տարի Բըրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին. ապահովվել է լեյկեմիայով հիվանդ երեխայի մեկ տարվա բուժումը (Էխո ՀԿ-ի հետ համատեղ), դիաբետով տառապող երեխաների համար գնվել են գլյուկոմետրեր (Երազ հիմնադրամ), ձեռք է բերվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար զարգացնող սարքավորում (Եվրազիա Համագործակցության հիմնադրամ), նորածինների համար հատուկ սարքավորում (Հայկական Ակնաբուժության նախագիծ), աջակցություն է տրամադրվել սահմանային գյուղերում ապրողներին (Հայ Ձմեռ Պապ բարեգործական հիմնադրամ), Զատիկ մանկատան սաները մեկ տարի ուսանել են անգլերեն լեզու և համակարգիչ:

Բըրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով կհանձնվի Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Հայաստանում Բըրնսի Ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը (ABBC, www.abbc.am) և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Միջոցառման հիմնական հովանավորներն են bmi ավիաուղիները, HSBC բանկը, Pernod Ricard Armenia ընկերությունը, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

© Medialab.am