Փակված տանը՝ առանց տեղաշարժման և ապահովության. «Ամուսինս ռիսկի խմբում է, սակայն լուծում չկա, պատվաստում չկա, պատասխան չկա»

65-ամյա Անահիտը վերջին մեկուկես տարիներին երեք անգամ է տնից դուրս եկել։ Երկու քրոնիկ հիվանդություն ունի՝ շաքարային դիաբետ և ասթմա, որոնք կորոնավիրուսային վարակի դեպքում ավելացնում են վարակման և հիվանդության ծանր ընթացքի ռիսկայնությունը:

«Երբ վարակը սկսեց տարածվել, ընտանիքիս անդամները շատ զգույշ էին, բոլորը դիմակով էին, բոլորի մոտ ախտահանիչ միջոցներ կան անպայման։ Այս ընթացքում միայն մի քանի անգամ բարեկամուհուս ամառանոց եմ գնացել, բացօթյա տարածք։ Անգամ պոլիկլինիկա այլևս չեմ գնում՝ դիաբետի անվճար դեղերը ստանալու, առնում ենք։ Հատկապես հիմա, երբ բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ, վարակման վտանգը շատ է, իսկ ես վախենում եմ ծանր ընթացքից»,– «Մեդիալաբին» ասում է Անահիտը։

Ապրիլին, երբ Հայաստանում մեկնարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները, տարածքային պոլիկլինիկայից կապվել են տիկին Անահիտի հետ և հերթագրել նրան, սակայն մինչ օրս նրան պատվաստման չեն հրավիրել:

«Աղջիկս արդեն պատվաստվել է շրջիկ կայաններից մեկում, հիմա համոզում է ամուսնուս, սակայն ես դեմ եմ, որովհետև նա էլ արյան ճնշման խնդիր ունի, և մասնագիտացված հաստատությունում պատվաստվելը, կարծում եմ, ավելի ճիշտ է՝ ռիսկերը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ես ինքս այսօր ռիսկ չեմ անում պոլիկլինիկա գնալ, որովհետև անտանելի հերթեր են, որևէ մեկը ո՛չ սոցիալական հեռավորություն է պահպանում, ո՛չ տարրական սանիտարական նորմեր»,– ասում է տիկին Անահիտը։

Նա միակը չէ, ով այս կամ այն պատճառով չի կարողանում գնալ պոլիկլինիկա կամ քաղաքում տեղակայված շրջիկ պատվաստման կետեր։ Հաշմանդամություն ունեցող, հենաշարժական կամ առողջական խնդիրներով քաղաքացիները, որոնք կրկնակի խոցելի են վարակի դեմ, ըստ էության, չեն պատվաստվում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող 72-ամյա Հենրիկը չի հիշում, թե վերջին անգամ երբ է տնից դուրս եկել։ Մի քանի քրոնիկ հիվանդություն ունի՝ շաքարային դիաբետ, սրտի և շնչառական խնդիրներ։ Նա նաև տեղաշարժվելու խնդիր ունի։

«Ես կապվել եմ պոլիկլինիկայի, մասնավոր հիվանդանոցի պատասխանատուների հետ, բացատրել եմ վիճակը, որ ամուսինս չի կարող տնից դուրս գալ, և խնդրել եմ հնարավորության դեպքում տուն այց կատարել, սակայն ոչ մի հուսադրող արձագանք չենք ստացել,- «Մեդիալաբին» ասում է Հենրիկի կինը՝ Լալան։

Լալա Հարությունյանը նշում է, որ մասնավոր կլինիկայից սկզբում համաձայնել են այց կատարել տուն, սակայն հետո հրաժարվել են՝ նշելով, թե ընդունված կարգի համաձայն «իրավունք չունեն»։

«Ես պատվաստվել եմ, քրոնիկ հիվանդություն չունեմ, տեղաշարժվելու խնդիր՝ ևս, սակայն հենց ամուսնուս նման մարդիկ են ռիսկի խմբում, սակայն լուծում չկա, պատվաստում չկա, պատասխան չկա։Ինչպես պետք է լինի նրանց հարցը, ինչու ընթացակարգ չկա այս մարդկանց պատվաստելու և պաշտպանելու հարցում»,- «Մեդիալաբին» ասում է նա։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, որ նման դեպքերի համար ևս հաստատված ընթացակարգ կա։ Չնայած տներում մասսայական պատվաստումներ չեն իրականացվում, բայց մի քանի առանձին դեպքեր եղել են:

«Ցանկության դեպքում որևէ մեկը չի մնա առանց պատվաստվելու։ Հաշմանդամություն ունեցող անձանց, հենաշարժական, տեսողության խնդիրներ ունեցող, անկողնային հիվանդ կամ որևէ այլ հիմքով տնից դուրս գալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար այդ ընթացակարգը հաստատված է «ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման» սանիտարական կանոններով և նորմերով։

Ըստ այդ նորմերի՝ քաղաքացու կողմից համապատասխան տեղամասային պոլիկլինիկա դիմելուց հետո ձևավորվում են շարժական ջոկատներ, որոնք ըստ կանչի մեկնում են և իրականացնում պատվաստումը հենց տներում»,– ասում է նա։

Սահակյանը նշում է՝ ընթացակարգը բարդ չէ, արտագնա պատվաստման դեպքում գործում են նույն պայմանները՝ պատվաստումն ու ծառայությունն անվճար են, իրականացվում են բացառապես քաղաքացու կամարտահայտմամբ։ Դրա համար անհրաժեշտ է կանչ գրանցել տեղամասային պոլիկլինիկայում՝ անպայման նշելով կանչի նպատակը։ 

Հիշեցնենք, որ 2021 թ. ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է իրականացնել 700 հազար պատվաստում, սակայն ՀՀ-ում մինչ օրս կատարվել է ընդամենը 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Սա կազմում է բնակչության շուրջ 3 տոկոսը, մինչդեռ հանրային իմունիտետի ձևավորման համար, ըստ մասնագետների, պետք է պատվաստվի երկրի բնակչության առնվազն 60 տոկոսը։ 

Լալա Հարությունյանը հակադարձում է, եթե կա նման ընթացակարգ, ինչո՞ւ պոլիկլինիկաներում իրազեկված չեն։

«Այս պահին առանց այն էլ հակաքարոզչության հետևանքով բազմաթիվ մարդիկ հրաժարվում են պատվաստվելուց, ստացվում է՝ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն, սակայն հնարավորություն չունեն, ստիպված են մնալ տանը, «Դելտա» շտամի վտանգն էլ գումարած, քանի որ նույնիսկ պոլիկլինիկաներում բուժանձնակազմը իրազեկված չէ ընթացակարգի մասին։ Միգուցե արժի ավելի ակտիվ ու արդյունավետ աշխատել, որ լուծել այս թնջուկը»,- նշում է քաղաքացին։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am