Խոսքը ոչ ծագումնաբանության, այլ ընթացիկ իրավիճակի մասին էր. վարչապետը պարզաբանեց Շուշիի մասին իր միտքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Շուշի քաղաքի վերաբերյալ իր հայտարարությունը, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել՝ շեշտելով, որ ինքը չի խոսել Շուշիի ծագումնաբանության վերաբերյալ, այլ թե պատերազմը կանգնեցնելու նախապայմաններից մեկով ինչ ժողովրդագրական «ստատուս քվո» պետք է հաստատվեր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Վարչապետն այս թեման շատ լավ առիթ համարեց՝ ցույց տալու, թե այսօր հատկապես կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում: Նա նշեց, որ վերջին շրջանի աղմկահարույց վերնագրերից մեկն է՝ ինքն իբր հայտարարել է, թե Շուշին հայկական քաղաք չէ:

Փաշինյանը մեջբերեց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արած իր՝ հետևյալ արտահայտությունը. «Ընդհանրապես, ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն` դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով»:

Փաշինյանը նշեց՝ ինքը ԱԺ ամբիոնից այդ խոսակցությունը բացել է մի պարզ պատճառով, քանի որ պատգամավորը հարց է ուղղել՝  նշելով, որ ՌԴ նախագահը վարչապետին առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալով: Նա պարզաբանեց՝ այսինքն՝ «հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությամբ ինքն ընդամենը պատասխանել է պատգամավորի խոսքին:

«Պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, երբ ադրբեջանական կողմը, նաև այլոց շարքում, պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ: Ըստ էության՝ խոսքը վերաբերում էր 1992 թվականին ստատուս քվոն վերականգնելու հնարավորությանը: Այսինքն, երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման:

Այդ նոր պայմանը հետևյալն է, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992-ի, այսինքն՝  Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյի: Իսկ այդ ստատուս քվոյով առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս:

Եվ երբ սա պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել:

Ես էլ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանն ու այդ արձագանքներին, թե այդ ո՞վքեր են և ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո՝ ինչպես պատգամավորն է հարցնում»,-ասաց Փաշինյանը:

Այսպիսով, Փաշինյանը նշեց, որ ի պատասխան պատգամավորի հարցի, ինքն ասել է, որ պատերազմը կանգնեցնելու այդ պայմանը 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունենալն է: «Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով. խոսքը իր ընթացիկ կարգավիճակի մասին է, ոչ թե ծագումնաբանության: Մենք այստեղ պատմական հարց չենք քննարկել, թե ով է հիմնադրել Շուշին, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:

Այլ քննարկել ենք մի շատ կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու նախապայման է առաջարկվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի ՝ 92 թվականին առկա ժողովրդագրական իրավիճակի և ստատուս քվոյի համապատասխան»,-ասաց վարչապետը:

Նրա կարծիքով՝ եթե առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման՝ Շուշիում 96 տոկոս ադրբեջանական բնակչություն լիներ, չէր կարելի համարել, թե այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո: «Այսինքն, ոչ թե ծագումնաբանությանն է վերաբերում, այլ պատերազմը կանգնեցնելու պայմաններում ինչ ժողովրդագրական ստատուս քվո հաստատելու մասին է խոսքը»,-եզրափակեց նա: