Իրականության ու ցանկությունների մեջ խճճված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: 

Ուսումնասիրում եմ «Բնագիտության» առարկայական չափորոշիչը: Չափորոշիչը կարդացել եմ, այն էլ մի քանի անգամ՝ չնայած սուղ ժամանակին: Դասընթացը նորություն է ու իրականում կլիներ լավ նորություն, եթե էլի ձևախեղված չլիներ:

Այն որ ուզում ենք զարգացնել գիտությունը, պատանիների մեջ գիտության նկատմամբ հետաքրքրություն արթացնենք, դեռ չի նշանակում, որ պետք է սովորողին փորձադաշտ դարձնենք առնետի պես:

Մի բան է մեր ցանկությունը, այլ բան՝ սովորողի պահանջը, նախասիրությունը: Այս դասընթացի սկզբունքները, բովանդակությունը, վերջնարդյունքները կարող են ուղղված լինել այն սովորողներին, որոնք գիտությամբ են զբաղվելու: 

Առարկայի ընդհանուր բնութագիրը

Ավագ դպրոցի «Բնագիտություն» ինտեգրված առարկան՝ որպես պարտադիր առարկա, նախատեսված է այն բոլոր սովորողների համար, որոնք ավագ դպրոցում չեն ուսումնասիրելու որևէ բնագիտական առարկա:

Այն նախատեսված է ուսումնասիրել 10-րդ և 11-րդ դասարաններում: Առարկայի անհրաժեշտությունը բխում է ավագ դպրոցում սովորողների բնագիտական կրթության շարունակականության և ամբողջականության սկզբունքներից:

Այս մոտեցումը հեղինակային կրթական ծրագրի ավագ դպրոցի ուսումնական պլանում վաղուց է գործում, բայց այլ բովանդակային միջուկով ու վերջնարդյունքներով: 

Առարկայի բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները 

3.5 Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առարկայի բովանդակությունը հասցեագրված է սովորողներին, որոնք հետագայում չեն աշխատելու բնական գիտությունների ոլորտում: 

Դա նշանակում է, որ ներկայացվող ուսումնական նյութը պետք է լինի գիտահանրամատչելի, զերծ մաթեմատիկական բարդ հաշվարկներից՝ ներառելով միայն բնական գիտությունների առանցքային գաղափարները և դրանց դերը քաղաքակրթության զարգացման գործում: Այս սկզբունքից հետո կգրեմ հիմնական գաղափարներից մի քանի կետ, որ հակասում են նշված կետին.

  • Տարածական և ժամանակային մասշտաբներ 
  • Միկրոաշխարհի կառուցվածքը 
  • Մեգաաշխարհ Կարգավորվածություն և քաոս 
  • Տիեզերքի ծագումն ու զարգացումը 
  • Միջուկային տեխնոլոգիաներ 
  • Լուսային տեխնոլոգիաներ 
  • ԴՆԹ տեխնոլոգիաներ 

Հիմա վերջնարդյունքները՝ 

  • Մեկնաբանել կրոնի և գիտության փոխհարաբերությունները
  • Ներկայացնել և կիրառել բնության ճանաչողության փորձարարական և տեսական մեթոդները
  • Ներկայացնել, տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը հայտնի տեսությունների շրջանակներում 
  • Ներկայացնել միկրո-, մակրո- և մեգաաշխարհները բնութագրող տարածական և ժամանակային մասշտաբները, բերել դրանց բնորոշ մարմինների և երևույթների օրինակներ 
  • Լուսաբանել մարմինների փոխազդեցության հեռազդեցության և մոտազդեցության տեսությունները, ներկայացնել ֆիզիկական դաշտ հասկացությունը, բերել օրինակներ
  • Մոդելավորել համակարգեր, որտեղ ծագում են ալիքներ, ներկայացնել դրանց տարածման օրինաչափություններն ու կիրառությունները

Էլ չեմ շարունակի: 

Հիմա հարց. չափորոշիչ գրող հարգելի՛ ընկերներ, դուք իսկապե՞ս կարծում եք, որ ավագ դպրոցի սովորողը, որը նկարիչ է դառնալու, թարգմանիչ, բանասեր, իրավաբան կամ ուղղակի ընտանիքի մայր, պետք է բնագիտական այս երևույթները իմանա, բացատրի, նկարագրի, համադրի, մոդելավորի, հետազոտի: Սրանք պահանջներ են այն սովորողին, որն ուզում է գիտությամբ զբաղվել: 

Ներեցե՛ք, հարգելի՛ հեղինակ, բայց դուք չեք ճանաչում ավագ դպրոցի սովորողին, դուք չգիտեք նրա նախասիրությունները, զբաղվածությունը: 

Գնահատում 

Գնահատման գործընթացում առավել կարևորվում է սովորողի գիտական աշխարհայացքի ձևավորման հիմքում ընկած գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումն ու կիրառումը, տրամաբանական մտածողությունը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը:

Թվում էր, թե գնահատումը վերջնարդյունքների ու սկզբունքների հիման վրա պետք է լինի: 

Միջառարկայական կապի օրինակներ. 

Հայոց լեզու: Կարողանա վերլուծել տեքստը՝ մտովի տրոհելով այն առանձին մասերի, առանձնացնելով գլխավոր հատկանիշները: 

Ֆիզիկա: Իմանա տիեզերական ձգողության, Կուլոնի օրենքները, պատկերացումներ ունենա էլեկտրական և մագնիսական դաշտերի մասին: Եթե սովորողը չի ընտրել բնագիտական առարկաներից որևէ մեկը, ուրեմն չունի հետաքրքրություն այդ ուղղությամբ: 

Իսկ «Հայոց լեզվի» օրինակը ավագ դպրոցի սովորողի համար ուղղակի ծիծաղելի է: 

Վերջաբան 

Ցավով եմ փաստում, որ վերցնում ենք այլ երկրների օրինակները՝ հաշվի չառնելով ազգային, տնտեսական, արտադրական առանձնահատկությունները: Չենք ճանաչում ավագ դպրոցի սովորողին: Հեռացել ենք իրականությունից ու խճճվել ցանկությունների հորձանուտում: Քանի դեռ մեր դասընթացների չափորոշիչները հեռանում են իրական կյանքից, վերջնարդյունքն էլ այն է, ինչ ունենք՝ շտեմարանային քննությունը: 

Բարին ընդ ձեզ:

Մարթա Ասատրյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար, դասավանդող