Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», – հայտնում է Տեր Եսային:
Դատական նիստերից մեկի ընթացքում իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր միջնորդել, որ արքեպիսկոպոսի հետ տեսակցության սահմանափակումները մեղմվեն և բացառեն միայն լրագրողների հետ հանդիպումը։ Փաստաբանը հիմնավորել էր՝ սրբազանը ամուսնացած չէ և ցանկանում է հանդիպել իր բարեկամների հետ։ Դատավորն էլ բավարարել էր պաշտպանական կողմի այս միջնորդությունը։
Մայր Աթոռից այլ մանրամասներ չեն հաղորդում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդի հանդիպման վերաբերյալ։ Կարճ պատասխանի մեջ միայն նշված է. «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Միքայել և Բագրատ Սրբազանների, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















