Բրայզան մեկնեց Բաքու. հայկական կողմը սակայն կշարունակի պայքարը

Թեև Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան դեսպանի կարգավիճակով արդեն Բաքվում է, այդուհանդերձ, հայկական լոբբիստական կազմակերպությունները հայտարարել են, որ չեն դադարեցնի իրենց պայքարը և կպայքարեն այնքան, որ ԱՄՆ Սենատը չհաստատի նրան դեսպանի պաշտոնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անցյալ կիրակի Բրայզան Բաքու ժամանելով հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Բաքու որպես Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան։
«Ես ափսոսում են, որ դեսպանի սպասումը այսքան ձգձգվեց։ Բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք»,- ասել է Բրայզան։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին` շրջանցելով Սենատը:

Բրայզայի նշանակմանը ամեն գնով փորձել են խոչընդոտել ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները` նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահն անկողմնակալ չէ ԼՂ հարցում:

Սակայն, ԱՄՆ նախագահ Օբաման, ի վերջո, Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակեց` այդպիսով առայժմ զրկելով ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին և հայամետ կոնգրեսականներին նրա նշանակումը հերթական անգամ կասեցնելու հնարավորությունից, ովքեր այդ քայլին դիմել էին արդեն երկու անգամ:

Այժմ, երբ Բրայզան արդեն Բաքվում է, հայկական կողմից տարբեր կարծիքներ են հնչում, թե այդ նշանակումն ինչպե´ս կարող է ազդել բանակցային գործընթացի վրա. ամեն դեպքում, ընդհանուր կարծիքն այն է, որ չպետք է ամեն ինչ պայմանավորվել Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հանգամանքով:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հիշեցնելով, որ Դաշնակցությունն ամեն ինչ արել է Բրայզայի նշանակումը կասեցնելու համար, նշում է, որ ամեն դեպքում նշանակումն արդեն կատարվել է:

«Ես միշտ կրկնել եմ, որ մեր սպասելիքները կապում եմ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության, դիվանագիտական հմտությունների, ճիշտ պատրաստվածության հետ:  Անշուշտ, Բրայզայի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու բազմաթիվ հիմքեր ունեմ:

Բայց որոշումը կայացվել է, և եկեք այժմ փորձենք մեր զինանոցը լրացնենք դիվանագիական հմտություններով, որպեսզի ԼՂ խնդիրը մեզ համար հաջող տարբերակով լուծենք»,- ասում է դաշնակցական պատգամավորը` հավելելով.

«Դե, Բրայզան Բրայզան է, նորություն չէ մեզ համար, թող Ադրբեջանը վայելի Բրայզային, իսկ մենք եկենք միայն նրանով չպայմանավորենք մեր արտաքին քաղաքական հաջողություններն ու ձախողումները»:

Լիլիթ Գալստյանը, սակայն, հավելում է, որ այսօր Հայաստանի ներկայիս  իրավիճակում դժվար է հաջողություններ արձանագրել արտաքին ճակատում:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ առայժմ չպետք է Բրայզայի նշանակումից հետևություններ անել, առավելևս այն հարցում, թե այդ նշանակումն ի´նչ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:

«Բրայզան շատ տեղեկացված  է բանակցային գործընթացից, և այդ առումով նշանակումը դրական է: Այսինքն` նա ժամանակ չի ծախսելու դետալների մեջ խորանալու համար»,- ասում է Արման Մուսինյանը:

Կոնգրեսի մամլո խոսնակի խոսքով` թե մնացածն ինչպե´ս կազդի բանակցային գործընթացի վրա, ժամանակը ցույց կտա:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am