Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում

Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում
Ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով ֆեյք․ Լիկա Թումանյանի քրոջ էջով քարոզչություն է արվում

Ֆեյսբուքից ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործում է «Զառա Սուքիասյան» անունով կեղծ (fake) օգտատեր։ Զառան հայտնի է իր քաղաքական գրառումներով և վերլուծություններով, որոնցում քննադատում է գործող իշխանություններին և գովաբանում նախկիններին։

Օգտատերը, առաջին հայացքից, իրական է: Նա լուսանկարներ է հրապարակում ամառային հանգստից, գրառումներ կատարում, ստանում մեկնբանություններ և այլն։ Այդուհանդերձ, լուսանկարներում երևացող անձը ոչ թե Զառա Սուքիասյան անունով հայ օգտատեր է, այլ Նարմինա Մամեդզադե անունով ադրբեջանցի երգչուհի։

Զառա Սուքիասյան օգտատերը ֆեյսբուքում գրանցվել է դեռևս 2010 թվականին՝ որպես իրական մարդ, և ակտիվ է եղել մինչև 2016 թվականը, որից հետո, հեռացնելով բոլոր լուսանկարներն ու գրառումները, շարունակել է գործունեությունն իբրև ֆեյք։

Ֆեյսբուքից, սակայն, ամեն ինչ չէ, որ հնարավոր է հեռացնել անվերադարձ, ինչը և հնարավորություն տվեց մեզ հասկանալ, թե ում է պատկանում այս ֆեյքը։

 

Այսպես, ադրբեջանցի երգչուհու լուսանկարներով քաղաքական քարոզչություն իրականացնող ֆեյքը իրականում պատկանում է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի քրոջը՝ Դիանա Թումանյանին։

Այս գրառման մեջ երևում է, թե ինչպես է Լիկան շնորհավորում օգտատիրոջը՝ դիմելով նրան Դիուկ (Դիանա)։

Նկատենք, որ շնորհավորանքը արվել է 2010 թվականի հունվարի 11-ին։ Ընտրողների էլեկտրոնային ռեգիստրում տեսնում ենք, որ Լիկա Թումանյանի գրանցման հասցեում գրանցված է նաև Դիանա Թումանյանը, որի ծննդյան օրը համընկնում է ֆեյսբուքում շնորհավորանքի օրվա հետ։ Դիանա Թումանյանը ծնվել է 1979 թվականի հունվարի 11-ին։

Հավելենք, որ սա միակ դեպքը չէ, երբ հանրային որոշակի ճանաչելիություն ունեցող անձինք և նրանց մտերիմները ֆեյքերի միջոցով քարոզչություն են իրականացնում համացանցում։ Առաջիկա օրերին Փաստերի ստուգման հարթակը հանդես կգա նոր ուշագրավ բացահայտումներով։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ fip.am