Ահա ինչու է Ալիևը կատաղած կրակում Երասխում՝ թեժացնելով կոնֆլիկտը․ պահանջում է ՌԴ-ից ճնշել ՀՀ-ին․ Ստյոպա Սաֆարյանի հարցազրույցը Factor.am-ին. տեսանյութ

Factor TV-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

-Պարո՛ն Սաֆարյան, Հայաստանում և Ադրբեջանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նաև Վրաստանում է լինելու։ Գիտեք, որ նրա այցը Հայաստանում ուղեկցվեց նաև փոքրիկ դրվագով՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի մաս կազմող ՀՅԴ երիտթևի մասնակցությամբ փոքրիկ ցույց էր կազմակերպվել, նրանք ամոթանք էին տալիս ԵՄ-ին և դատապարտում պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիայի հանդեպ լռության համար: Դուք կհիշեք՝ քանի՞ անգամ էր ազգային դիրքերից հանդես եկող ՀՅԴ-ն Պուտինին արձագանքում կամ ակցիաներ անում ՌԴ դեսպանատան առջև, երբ ՌԴ նախագահն ասում էր՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է և այլն: Ի՞նչ կարող եք ասել:

-Երբեք չեն արել: Թերևս, պատահական չեն այն մեկնաբանությունները, որոնք տրվում են Ռոբերտ Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչների այս փոքրիկ «ներկայացման» վերաբերյալ։ Ակնհայտորեն շատ հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում նրանք սկսեցին և՛ նեղվել նրանից, որ Հայաստանին ԵՄ-ն տրամադրելու է 2,6 մլրդ եվրոյի չափով անհատույց աջակցություն, որի 600 միլիոնը ծախսվելու է Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, և՛ նաև նկատելի է, որ այն խնդիրները, որ բարձրացնում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքը Շառլ Միշելի այցի ժամանակ, կարող էր բարձրացնել նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո, բայց դա չարվեց․ որևէ մեկի, այդ թվում՝ ԵՄ-ի հասցեին որևէ մեղադրանք չլսեցինք: Ռուսաստանի հասցեին նրանք երբևիցե չէին էլ արտահայտվի, որովհետև այդ դաշինքը Հայաստանի պետականության ոչնչացման բացահայտ հայտ է ներկայացրել, և ընտրությունների ժամանակ խոսում էր ավելի «բարձր», այսպես ասած, Հայաստանի և Ռուսաստանի միութենական պետություն ստեղծելու մասին, Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավորության թեկնածուները ևս խոսում էին այն մասին, որ պետք է միութենական պայմանագիր կնքվի: Հետևաբար, պատահական չէ, որ այս խմբի գործունեությունն արժանացավ համաչափ գնահատականների և մեկնաբանվում է որպես մոսկովյան պատվեր: Երևի տեղյակ եք, որ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» շատ լկտի շանտաժի անհեղինակ նյութ էր գրել, որը վերաբերում է Ֆրանսիայի նախագահի այցին, անդրադարձել են նաև Շառլ Միշելի տարածաշրջանային այցին և զգուշացրել, որ եթե Հայաստանը փորձի Ֆրանսիայի կամ որևէ այլ երկրի օգնությամբ խնդիրները հանել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունուց, ապա կպատժվի, որովհետև ՄԱԿ-ում Ռուսաստանը վետոյի իրավունք ունեցող պետություն է:

-Ինչո՞ւ և ինչպե՞ս կարող էր ԵՄ-ն աջակցել Հայաստանին պատերազմի ժամանակ, ասում են՝ 2,6 միլիարդ եվրոն թակարդում դրված պանիր է, ինչո՞ւ պետք է տան: Մինչ այդ հարցին անդրադառնալը՝ հասկանանք, որ Հայաստանը ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ երկկողմ դաշնակցային ռազմավարական փաստաթղթեր կան, ինչո՞ւ է անտեսվում այս հանգամանքը, որ ԵՄ-ի հետ չունենք ռազմական դաշինքի մասին պայմանագիր, նույնը ԱՄՆ-ի հետ, այսինքն՝ ակնկալիքներն այդ կենտրոններից փոքր-ինչ պետք է տարբերվեն, այդպես չէ՞: Եվ եթե այս բողոքն օբյեկտիվ է, դիմել Ռուսաստանին նույն հարցով, թե ինչու պայմանագրային պայմանավորվածությունները չկատարեց մայիսյան սահմանային սրացումների ժամանակ:

-Այդ նույն շրջանակներն ասում են՝ ինչո՞ւ պետք է ՀԱՊԿ-ը մեզ օգնի, մեր սահմանները մենք պետք է պաշտպանենք։ Թվում է, թե շատ ճիշտ հարց է։ Իսկ եթե ՀԱՊԿ-ը չպետք է օգներ մեր սահմանների պաշտպանության հարցում, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էիք ձեր կառավարման 10 տարիներին և ձեր իրավահաջորդների 10 տարվա կառավարման շրջանում Հայաստանում հույսեր ստեղծում և անդամավճարներ վճարում այդ կառույցին, հասարակությանը խաբում, որ տարածքային ամբողջականության և սահմանային խախտումների դեպքում այդ կառույցները ներգրավվելու են պաշտպանության գործում: Դուք մեկ այլ զուգահեռի եք բերում թեման. ԵՄ-ն անհատույց այդպիսի մեծ աջակցություն է տրամադրելու Հայաստանին այն դեպքում, երբ մեզ համոզեցին, որ մենք նույնիսկ տնտեսական դաշտում չպետք է ԵՄ հետ լինենք, այսինքն՝ ասոցացման համաձայնագիրը չպետք է ստորագրենք և մաքսային գոտի չպետք է մտնենք, այդքափ գումար մեզ պետք է տար ԵՏՄ-ն, որտեղ մեզ համոզում էին մտնել, և Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ չպետք է հախուռն մտնել, բայց պետք է մտնել, և հիմա էլ ասում է, որ պետք է մեծացնել ինտեգրացիայի մակարդակը: Քաղաքականությունն այն մասին չէ, որ մեկը մյուսին շատ մեծ սիրուց դրդված գումարներ է տալիս. կարևոր է հասկանալ, թե ինչու է ԵՄ-ն այդպիսի հատկացումներ անում:

-Դա թակարդում դրված պանի՞ր է, թե՞ ոչ, պարո՛ն Սաֆարյան:

-Ո՛չ, դա Եվրոպայի շահն է։ Այդ շահն ամենևին այն չէ, ինչ ներկայացնում է այդ շրջանակը, որ, իբրև թե, ԵՄ-ն այդ փողը տալիս է, որ Հայաստանը համակերպվի Արցախի կորստի հետ կամ դա Արցախի գինն է, կամ լռության գինն է: Իրականում ԵՄ-ն և Արևմուտքը հստակ ֆիքսել են, որ այս պատերազմի արդյունքում և նաև դրանից առաջ այս տարածաշրջանի որոշ դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի գործողություններն ուղղված են եղել նրան, որ թուլանա Արևմուտքի ազդեցությունը, և նրանք հասել են այդ արդյունքին: Ակնհայտորեն Մինսկի խմբի կողմից իր մանդատի իրացման դժվարությունները դրա վառ ապացույցն են: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Միության ներկայացուցիչները քանիցս խոսում են այն մասին, որ պատրաստ են կատարել իրենց հանձնառությունը, բայց Մինսկի խումբը չի կարողանում վերսկսել իր գործողությունները, որովհետև Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունու մեջ են մտցրել Հայաստանին և խեղդում են անվտանգային խնդիրներով: Այս առումներով ԵՄ-ն փորձ է անում ենթակառուցվածքային և անվտանգային խնդիրների առումով ներգրավվածության ավելացման միջոցով վերադառնալ տարածաշրջան: Միանշանակ դա բխում է նաև Հայաստանի շահերից, ՀՀ-ի համար ԵՄ-ն և ԱՄՆ-ը ոչ պակաս ռազմավարական արտաքին քաղաքական վեկտոր են, քան ՌԴ-ի կամ Չինաստանի ազդեցիկ դերակատարումը: Արդյո՞ք սա անվանել թակարդում դրված պանիր, եթե ԵՄ-ն ցանկանում է վերադառնալ Հարավային Կովկաս, արդյո՞ք ՀՀ շահերից չի բխում, որ ԵՄ այդպիսի աջակցություն է ուզում ցուցաբերել․ միանշանակ բխում է, դա երկկողմ շահերից բխող ռազմավարական նշանակության աջակցություն է, որն իր հետ բերում է նաև անվտանգային բաղադրիչ: