«Գլուխներ պետք է թռնեն, որ մարդիկ հասկանան, որ չի կարելի 2 տարի կորցնել, ու այսօր ասել՝ վայ, բա մենք ի՛նչ անենք, որ դատարանը բավարարեց միջնորդությունը». Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ որոշեց բավարարել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները և կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, որին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի կայացրած որոշումը:

– Ի սկզբանե ես ունեցել եմ այդ հնարավորությունն արձանագրելու, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ իրականացվող քրեական գործում ինչպես հայաստանյան քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները ակնառու են: 

Ես օբյեկտիվորեն չգիտեմ, թե իր դատարանը ինչ պատճառաբանություն և հիմնավորում է դրել իր կայացրած դատական ակտի հիմքում, բայց այս գործը պետք է նայել ոչ թե գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու կամ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները բավարարելու տեսանկյունից, այլ ընդհանուր առմամբ համալիր պետք է գնահատել այս իրավիճակը: 

Լրացել է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ընթացող քրեական գործի երկու տարին, և դեռևս այդ գործը նախապատրաստական փուլից չի շարժվել, դոփել է տեղում: 

Ըստ էության, մենք այս պահին գործ ունենք տապալված դատական գործընթացի հետ, քանի որ ուղղակի երկու տարի շարունակ պետական տարբեր մարմիններ մսխել են բյուջեի պետական միջոցները և չեն կարողանում տեղից շարժել այս գործը և հասցնել տրամաբանական ավարտին: Դա խորապես ազդում է ինչպես հանրային, այնպես էլ դատական ու պետական այլ ատյանների տրամադրությունների վրա: 

Ես արձանագրում եմ, որ 2018-ի հունիս ամսից Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կամ «Մարտի 1»-ին վերաբերող քրեական հետապնդման գործընթացը ոչ միայն մտել է փակուղի, այլև տեսանելի և շոշափելի արդյունքներ չի արձանագրել, որովհետև այս գործից ես նաև չեմ բաժանում ՀՔԾ-ում քննվող առանձին մասով քրեական գործը, որը վերաբերում է բուն 10 սպանությունների անմիջական կատարողների, դրանց ճարտարապետների, հեղինակների, պատվիրատուների, ուղղակի հրաման տվողների բացահայտմանը: 

Այս առումով իրավապահ մարմինների աշխատանքը ոչ միայն պետք է գնահատել անբավարար, այլև զրո: Թող դատարկախոսությամբ չզբաղվեին, ցույց տային արդյունք վերջին 2 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտար արձանագրել, թե ուր ենք հասել: 

Այս իրավիճակում դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելը և գրավի չափը արդեն իսկ շատ խոսուն հանգամանք են, քանի որ Հայաստանի դատական համակարգի ամբողջ պատմության մեջ երբևիցե այս չափի գրավ չի կիրառվել: Հետևաբար, ակնհայտ է, թե ինչի կամ ում հետ գործ ունեք: 

Ինձ համար այդքան հետաքրքիր չէ, թե Քոչարյանի նկատմամբ վերջին երկու տարվա մեջ խափանման միջոց կալանավորումը կամ խափանման այլ միջոցի կիրառումը որ փուլում ինչպիսին կլինի, ինձ համար էական է, թե վերջնարդյունքում այն մեղադրանքները, որոնք առաջադրված են «Մարտի 1»-ի գործով հայտնի ամբաստանյալներին, դատարանն ինչպիսի՞ ապացույցներ կունենա, և ինչպիսի՞ դատական ակտ կհրապարակվի: 

Դա է ինձ համար էականը, և ես կարծում եմ, որ սա ևս մեկ անգամ գալիս է հավաստելու, որ Հայաստանի դատաիրավական համակարգը մխրճված է ճահճի մեջ, ուղղակի ամբողջ պետական ինստիտուտները, որոնք միտված են քրեական հետապնդում իրականացնելուն, միտված են արդարադատությանն աջակցելուն, և որոնք իրականացնում են արդարադատություն, գտնվում են մի այնպիսի շրջափուլի մեջ, որ ուղղակիորեն դոփում ենք տեղում: 

Այս համատեքստում արդեն երկրորդական է դառնում, թե ո՛վ է ազատության մեջ, ո՛ւմ վարքագիծն է պատշաճ, ո՛վ է անազատության մեջ: Ամբողջ համակարգն է խարխլված, ամբողջ դատաիրավական համակարգը չի աշխատում: Բայց դրա մասին նոր չէ, որ մենք պետք է արձանագրենք: Դրա մասին արդեն 2 տարի ասվում է, բայց ասողին լսող է պետք: 

Ես կարծում եմ, որ, այո՛, եկել է իրավասու մարմինների պատասխան տալու ժամանակը: Եվ այդ պատասխան տվողները պետք է շատ կոնկրետ պատասխան տան: Գլուխներ պետք է թռնեն, որ մարդիկ հասկանան, որ չի կարելի 2 տարի ծամծմել, դատարկախոսությամբ զբաղվել, կորցնել ժամանակը, ու այսօր ասել՝ վայ, բա մենք ի՛նչ անենք, որ դատարանը բավարարեց միջնորդությունը: 

– Նկատի ունեք, որ վեթինգ չարվեց, դատական համակարգում ոչինչ չփոխվեց, և ունենք այն, ինչ ունե՞նք:

– Այո՛, ունենք այն, ինչ ունենք: Անգամ չգիտեմ՝ ի՛նչ ավելացնել:

– Նախկինում փաստաբանները նշում էին, որ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը վտանգ է պարունակում՝ հաշվի առնելով նրա նյութական միջոցները, նաև ազդեցության լծակները: Հիմա ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը վտանգավո՞ր է:

– Շատ կոնկրետ ասեմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ի՛նչ կանի Ռոբերտ Քոչարյանը կամ ի՛նչ է անում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՛նչ է անում պետությունը: Եթե ազատության մեջ մնալով Ռոբերտ Քոչարյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել, այդ դեպքում պետության սուրբ պարտականությունն է դա արձանագրել և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այստեղ խնդիրը Քոչարյանի և գործով անցնող այլ անձանց վարքագիծը չէ, ինձ ավելի շատ հետաքրքրում է պետական իրավասու մարմինների վարքագիծը: Ի՞նչ արդյունք են նրանք ցույց տվել երկու տարվա մեջ: Երկու տարում դուք չե՞ք կարողանում բացահայտել, թե ո՛վ է սպանել, ովքե՛ր են կազմակերպել, ովքե՛ր են հրաման տվողները: Բա դուք ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես, սրա մասին է խոսքը: 

– Մեծ հաշվով, երկու տարվա ընթացքում դատաիրավական համակարգում իրականացված քայլերը կարելի է զրո՞ գնահատել:

– Այո՛, արդյունքն է ինձ համար կարևոր: Գիտե՞ք ինչ, ժամավաճառությամբ զբաղվելը, գիտահետազոտական, ակադեմիական լեքսիկոնով խոսելը, շատ սիրուն ճառեր ասելը արդեն այնքան կարևոր չեն, այնքան ձևականություն են իրենց մեջ պարունակում, որ կորցրել են իմաստը:

Մարդիկ արդյունք են ակնկալում: Բայց ուզում եմ նաև ֆիքսել, որ ես այս ամենի մեջ 100 տոկոսով տեսնում եմ քաղաքական բաղադրիչ, քաղաքական պայմանավորվածություն կամ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների բավարարում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am