Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել մինչև Վարչական դատարանի վերջնական որոշումը. Վարչական դատարան

Հայաստանի Վարչական դատաանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, որոշել է բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ:

«Մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»,- ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, նշված է Վարչական դատարանի որոշման մեջ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի հրամանագիրը՝ իրեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին: