Տեսակետ. «բռնաբարություն” հանքերում…»

Տեսակետ. «բռնաբարություն” հանքերում...»
Տեսակետ. «բռնաբարություն” հանքերում…»

Ասում են` ջրաղացի ճամփին բռնաբարված էշը նույն ճանապարհով էլ չի գնում: Երբեմն էշերը մարդկանցից ավելի խելացի են…
Իմ բարեկամների կեսն ապրում է Քաջարանում, մյուս կեսը վաղուց հանգչում է Քաջարանի գերեզմանոցում:
Կենդանի մնացածների մեծ մասը տառապում է օնկոլոգիական տարբեր հիվանդություններով: Նատաշ տատիկիս փարթամ կրծքերից մեկը կտրեցին. կրծքի քաղցկեղ ուներ, Օնիկ հորեղբայրը չի խոսում` կոկորդի քաղցկեղի պատճառով, Երեմ եղբայրս ստիպված էր իր առաջնեկին թողնել հիվանդանոցում` ուղեղի թերզարգացածության պատճառով, Վիգենի կինն արդեն չորրորդ մեռած երեխան է լույս աշխարհ բերում…

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անտեսանելի մետաստազները բուն են դրել շրջանի գրեթե բոլոր բնակիչների ընտանիքներում: Ամեն օր նրանք ուտում են թունավոր հաց, խմում թունավոր թափոններով ջուր և շնչում թունավոր օդ: Թուրքերը երազում էին գրավել հպարտ ու վայրի Զանգեզուրը: Չկարողացան: Իսկ այսօր այն գերակա շահի անվան տակ պատրաստվում են հիմնահատակ քանդել ու քրքրել: Թուրքերը չէ, հայերը:

Հիմա կասեք` իսկ ի±նչ կապ ուներ այստեղ էշը: Անմիջական: Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նույն ջրաղացի ճամփան բռնել: Պատրաստվում է երկրորդ Քաջարանն ունենալ նաև Ալավերդիում` դեռևս կուսական Թեղուտում: Պատրաստվում է վերացնել Թեղուտի անտառները և 50-70 տարիների ընթացքում պղնձամոլիբդենային հանք շահագործել, այն էլ` բաց եղանակով: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով տեղի բնակիչները կհայտնվեն փակ գերեզմանափոսերում:

Պատրաստվում է կացնի տակ տալ դարավոր ծառեր, սատկեցնել Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների պոպուլյացիաներ, ոչնչացնել հնադարյան և միջնադարյան եզակի պատմահուշարձաններ: Փոխարենը մեր սերունդներին կառավարությունը պատրաստվում է թողնել մի մեծ հոր` պոչամբար` լի 500 մլն տոննա խիստ թունավոր թափոններով և 600 մլն տոննա այլ տեսակի թափոններով:

Հա, մոռացա ավելացնել, որպես կանոն` թափոնների համար հանքը շահագործող ընկերությունը պետք է վճարի հարկեր, շատ բարձր: Թեղուտի պոչանքի համար հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունը վճարելու է շաաաատ կլորիկ հարկ` 0 դրամ: Դուք ճիշտ լսեցիք 0 դրամ. թունավոր պոչամբարի հարկում ընդհանարպես չի իրականացվելու: Մի հատ թուլուլիկ երկրաշարժ մեր սեյսմիկ երկրում, ու այդ թունավոր լիճը լցվելու է մեր հողերը, ջրերը, մեր տները ու մեր օրգանիզմները: Թույնը մեզ, իսկ միլիոններն իրենց:

Ընդհանրապես մեր կառավարությունը կանաչ շատ-շատ է սիրում, բայց կանաչ ոչ թե տերևի, խոտի կամ ծառի տեսքով, այլ կանաչ դոլարների` պահված շվեյցարական ապահով բանկերում: Վախենում եմ, որ մի օր գալու է այն օրը, երբ հայ երեխաները «Ներկիր ինքդ» ալբոմում ծառերը կգուներանգեն դեղինով կամ կապույտով: Եվ ոչ թե այն պատճառով, որ կտառապեն դալտոնիզմով, այլ որովհետև չեն իմանա, թե ինչ գույն ունեն տերևը, խոտը, ծաղիկը:

Ցավոք, Թեղուտը կլինի Հայաստանի էկոհամակարգի վերջի սկիզբը: Հայտնի է, որ ախորժակը ուտելու ընթացքում է բացվում: Իսկ մերոնք ախորժակի բացակայությունից երբեք չեն բողոքել: Թեղուտը կմարսեն ու կանցնեն փոքրիկ Հայաստանի մյուս վայրերին: Ցուցակն արդեն կա, որոշված է: Ու երկիրը կդառնա մի մեծ հանք, որտեղ կապրեն հիվանդ, գորշ հանքափորներ իրենց գունատ ու դժբախտ երեխաներով: Երկիր, որտեղ հակագազը կդառնա առօրյայի մի մասը…

Գոհար Հայրապետյան

iQ ամսագրի գլխավոր խմբագիր

«Ժառանգություն» կուսակցության բնապահպանական հարցերով հանձնաժողովի անդամ

Լուսանկարը` bnamard.blogspot.com