Անդրեասյանը ցանկանում է, որ Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում

ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում է, որ Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում, նաև կատարվի դատական իշխանության համակարգի վերանայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում բացման իր խոսքում:

Անդրեասյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները, թե ինչ է սպասում սահմանադրական բարեփոխումներից: «Ես ուզում եմ, որ քննարկենք այդքան չարչրկված և սպասված վեթինգի  հնարավորությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ, եթե այն փոփոխվի: Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,-ասաց նա:

Նախարարը, սակայն չունի իր անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, թե որ դատարանը որին պետք է միավորվի: Նա, սակայն շատ է կարևում, որ այդ հարցերը քննարկվեն:

Նախարարը նաև մասնագիտական անհանգստություն ունի՝ այսօր Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր,  որոնք նախկին քննարկումների ժամանակ թողնվել են: «Այն պատճառով, որ շատ հարցեր երկրում ժամանակին լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական ինչ-որ որոշումներով: Եվ դրա համար Սահմանադրության հեղինակները կարիք չեն համարել մինչև վերջ բոլոր ճգնաժամային իրավիճակները պատկերացնելու և այդ կարգավորումները տալու»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրենց աշխատանքը կտա այդ պտուղները: