Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչվեցին:
Որոշումն ընդունվեց հոկտեմբերի 15-ի նիստում:
Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։
Դրանից հետո նախարարությունը դիմել է ընկերության բաժնետերերին՝ առաջարկելով ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ սեփականության իրավունքով։
Սակայն օրենքով սահմանված ժամկետում բաժնետերերից պատասխան չի ստացվել, ինչը, նախարարի պարզաբանմամբ, համարվում է կառավարության առաջարկի մերժում։
Դրանից հետո, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու ընթացակարգը։ Անցկացվել են հանրային լսումներ և իրականացվել օրենքով նախատեսված գործողությունները։
Նախարարն առաջարկել է կառավարությանը ընդունել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընթացը որակել է սպասված և կանխատեսելի՝ հիշեցնելով, որ կառավարությունը նախապես հայտարարել էր իր մտադրությունների մասին։
Նա նաև նշել է, որ ակնկալվում է ուսումնասիրել ՀԷՑ-ի նախկին մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը։
Անդրադառնալով ընկերության արժեքի որոշմանը՝ նախարարը պարզաբանել է, որ նախատեսվում է իրականացնել գնահատում, որից հետո սեփականատերերին կներկայացվի փոխհատուցման առաջարկ։
Եթե բաժնետերերը չհամաձայնեն առաջարկվող գնին, նրանք հնարավորություն կունենան սեփական գնահատումն իրականացնելու։ Իսկ առաջարկը չընդունելու և այլընտրանքային գնահատում չներկայացնելու դեպքում, նախարարի խոսքով, նախնական գնահատմամբ սահմանված գումարը կփոխանցվի դեպոզիտային հաշվին։
Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը ՀԷՑ-ը կրկին մասնավորեցնելու նպատակ չունի։
«Մեր պլանը հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք»,- հայտարարել է վարչապետը։



















