Խղճի ազատության մասին օրենքը սահմանափակում է ազատությունը

Խղճի ազատության մասին օրենքը սահմանափակում է ազատությունը
Խղճի ազատության մասին օրենքը սահմանափակում է ազատությունը

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին, միանալով տարբեր միջազգային կոնվենցիաներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ինչպես նաև բարեփոխելով մայր օրենքը՝ Սահմանադրությունը, Հայաստանը պարտավորվեց փոխել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի բազմաթիվ դրույթներ: Օրենքն ընդունվել է 1991թ., հետխորհրդային Հայաստանի ձեւավորման սկզբնական փուլում: Հաջորդած գրեթե 25 տարիների ընթացքում երկրում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, հասարակությունը տարբեր ներքին հոգեբանական փոփոխությունների է ենթարկվել, բայց այս փաստաթուղթը լուրջ, բովանդակային ու ծավալուն փոփոխության այդպես էլ չի ենթարկվել: Այս բացը խնդիրներ է առաջ բերել օրենքին առնչվող տարբեր ոլորտներում:

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ. «Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկայի միջոցով քարոզչություն է իրականացվում: Ըստ էության՝ եկեղեցու պատմությանը վերաբերող այս առարկան դոկտրինացվում է: Մի առանձին խնդիր էլ պետական պաշտոնյաների՝ Սահմանադրությանն ու միջազգային կոնվենցիաներին հակասող հայտարարություններն են. օրինակ, ԿԳ նախարարը հայտարարում է, թե ԲՈՒՀ-երի ուսխորհուրդները պետք է ծառայեն Հայ Առաքելական եկեղեցուն»:
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ. «Բանակում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները գործունեություն են ծավալում և այլ կրոնական կազմակերպությունների հետևորդներին ստիպում մասնակցել իրենց արարողություններին: Զինվորական կոմիսարիատներում զորակոչիկներին տալիս են լրացնել անկետա, որտեղ նրանք պետք է նշեն իրենց կրոնական հայացքները: Եղել են դեպքեր, երբ զինվորական հոգևորականները տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ այլադավան զինվորականների հետ «բացատրական և դաստիարակչական» աշխատանքներ են իրականացրել»:

2009թ. Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ խմբակցություններից, հանդես եկան «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրենսդրական նախաձեռնությամբ: 2009թ. մարտին Ազգային ժողովն այն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը, սակայն, երկրորդ ընթերցման չներկայացվեց և օրենք չդարձավ: Մինչև ԱԺ 4-րդ գումարման ավարտը այն անցավ 6 նստաշրջանների օրակարգերով՝ առանց քննարկվելու: Արդեն նոր, Ազգային ժողովի 5-րդ գումարման սկզբում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով օրենսդրական փաթեթը հանվեց շրջանառությունից: 

Էլինար Վարդանյան, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. «Նախագծի հետագա քննարկումը նպատակահարմար չգտնելու պատճառներից մեկը Վենետիկի փորձագիտական խմբի կողմից տրված եզրակացությունն էր: Այն դրական չէր: Հեղինակները հայտարարեցին, թե առաջինից երկրորդ ընթերցում Վենետիկի փորձագետների առաջարկությունները կընդգրկեն նախագծում, և երկրորդ ընթերցմամբ կներկայացվի արդեն խմբագրված տարբերակը: Խմբագրումը այդպես էլ տեղի չունեցավ: Պատճառներից մյուսը բազմաթիվ կրոնական կազմակերպությունների դժգոհություններն էին, որ արտահայտվեցին օրենսդրական այս փաթեթով առաջարկվող որոշ ձևակերպումների ու սահմանափակումների շուրջ: Ես կարծում եմ, որ այս ոլորտը կարգավորող որևէ օրենք գրելուց կամ փոփոխելուց առաջ նախ պետք է լուրջ հետազոտություն կատարել: Այդպիսի հետազոտություն չկա: Խղճի, կրոնական կազմակերպությունների ազատությունների մասին մենք ավելի հաճախ հետևություններ ենք անում ասեկոսեներից, տարբեր խոսակցություններից ու հրապարակումներից: Միայն ոլորտը լրջորեն ուսումնասիրելուց հետո պետք է որոշել՝ օրենքներում դնե՞լ ինչ-որ սահմանափակումներ, թե՞ հանել եղած սահմանափակումները»:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները դրական եզրակացություն չեն տվել նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության 2 նախագծերին: Դրանցից առաջինը մշակվեց 2010թ-ին, երկրորդը՝ 2011թ-ին: Այս անգամ ևս գործընթացը մնաց անավարտ, և նախագծերը խորհրդարան չհասան: Դրանցից վերջինի վրա այսօր որոշ փոփոխություններ է կատարում Արդարադատության նախարարությունը, որոնք սակայն, հանրային քննարկման չեն ներկայացվում: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիքը ուշադրություն է հրավիրում այս նախագծի այն սահմանափակումների վրա, որոնք խոչընդոտում են կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը: Մասնավորապես, այդ նախագծով կառավարությունը կարող է վերահսկել կրոնական կազմակերպությունների գործունեությունը իր նվիրապետության սահմաններում, ինչպես նաև կարող է պահանջել թե կրոնական խմբի, թե կազմակերպության պարտադիր գրանցում: Ըստ փորձագետի՝ սա հակասահմանադրական պահանջ է, և նախագծում Սահմանադրությանը հակասող միակ դրույթը չէ: 

Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ. «Երրորդ նախագծում փորձ էր արվում սահմանել քրիստոնեությունը, այսինքն, պետությունն իր վրա դեր է վերցնում՝ որոշել, թե ով է իսկական քրիստոնյան, և դրանով մտնում է միջկրոնական բանավեճերի մեջ: Մինչդեռ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ պետությունը բաժանված է եկեղեցուց: Որոշ անհեթեթություններ էլ կան գործող օրենքի՝ կրոնական կազմակերպությունների սահմանումը տվող հոդվածում: Օրինակ, պահանջվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի առկայություն, կամ որ կազմակերպությունը «իր դավանանքով մտնի համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ»: Նման «համակարգ» գոյություն չունի: Ինչ վերաբերում է «պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքին», ապա 2001-ին, երբ Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, պարտավորվեց ստեղծել հնարավորություն, որ բոլոր եկեղեցիները, կրոնական համայնքները և մասնավորապես «ոչ ավանդական» կոչվողները, կարողանան դավանել իրենց կրոնը առանց խտրականության: Սա ավելորդ է դարձնում «պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի» պահանջը»: 

Օրենքը նախ տարբեր կրոնական կազմակերպությունների անդամների համար է: Նաև նրանց, ովքեր որևէ կրոնական կազմակերպության հետ կապ չունեն, աթեիստ են կամ ագնոստիկ: Ուստի, փորձագետի կարծիքով, այն պետք է կարգավորի ոլորտի խնդիրները և ոչ թե նոր խնդիրներ առաջ բերի: Մինչդեռ առանձին խնդիր է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն տրվող մենաշնորհային հնարավորությունները: Փորձագետը առանձնացնում է հատկապես այն դրույթը, որը ՀԱԵ-ին արտոնում է «գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը, ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն»: 

Խնդրահարույց է համարվում նաև օրենքի տերմինոլոգիան: Օգտագործված են եզրեր միջնադարյան աստվածաբանությունից, ինչպիսին է, օրինակ, «հոգեորսություն» ոչ իրավաբանական եզրը, որի սահմանումը օրենքում տրված չէ: 

Բազմաթիվ բացթողումներով ու հակասահմանադրական դրույթներով հանդերձ՝ 1991թ-ին ընդունված օրենքը շարունակում է մնալ ուժի մեջ և գործել: Եվ քանի որ Հայաստանը ԵԽ և ԵԱՀԿ անդամ պետություն է, նման օրենքը կարող է լինել նախադեպային մյուս պետությունների համար: Փորձագիտական դիտարկումների համաձայն՝ դա թույլ չի տրվի: Ուստի՝ կամ Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ այդ կազմակերպություններից, կամ համակերպվել մտքին, որ ստանձնած պարտավորությունները պետք է ի կատար ածել:

Աղբյուրը`http://parliamentmonitoring.am/