Անհետաձգելի բուժօգնությունը կապ չունի պետպատվերի հետ․ Աննա Մկրտչյանը սխալվում է․ FIP.am

Սեպտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, հայտարարեց, թե անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված գումարները սպառվել են։

«Հայաստանում կեղծիքի գերդոզավորման արդյունք է, երբ էս մարդիկ մեզ ասում են, որ պետպատվերի համար գումար չունեն։ Այսինքն` գումար չունեն անհետաձգելի վիրահատությունների, նաև զինծառայողների առողջության համար, ինչպես նաև Հայաստանի հանրության բուժօգնության համար»,- հայտարարեց Մկրտչյանը։

Հաշվի առնելով այն փաստը, որ պետպատվերի շրջանակում նախատեսված գումարների սպառման մասին վերջերս մամուլում ևս բազմաթիվ հրապարակումներ եղան՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են ճշմարիտ այս տեղեկությունները։

FIP.am-ն արդեն նշել է, որ ոչ բոլոր բուժհաստատություններում է սպառվել պետպատվերի համար նախատեսված գումարը։ Հոդվածում ներկայացրել էինք, թե որ բուժհաստատությունում են սպառվել և որոնցում չեն սպառվել պետպատվերի միջոցները։

Ինչ վերաբերում է անհետաձգելի բուժօգնությանը, ապա այս դեպքում պետպատվերով հատկացված գումարների սպառված լինելու հանգամանքը ոչ մի խոչընդոտ չէ հիվանդին բուժօգնություն տրամադրելու համար, քանի որ առողջապահության նախարարի 2013 թվականի N 39-Ն հրամանի համաձայն՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ստանում են բոլորը՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից։

Այսպիսով փաստենք, որ շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց բուժսպասարկումը որևէ կերպ կապված չէ պետպատվերից, և վերջիններս ենթակա են շտապ և անհետաձգելի բուժսպասարկման։

Աննա Մկրտչյանն իր ելույթում հանդես եկավ մեկ այլ ապատեղեկատվությամբ ևս՝ հայտարարելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի հայկական գյուղերի անվանումների փոխարեն ադրբեջանական տեղանուններն է օգտագործել։

«Մինչև իշխանազավթումը անհնար կլիներ հայ հասարակության համար լսել կամ պատկերացնել, որ հայկական գյուղերի անունները ՀՀ կառավարական կենտրոնակայանից՝ նույն ինքը ղեկավարումն իրականացնող առաջնային պետական հաստատությունից, այսինքն՝ կառավարության շենքից, լսել ադրբեջանական անուններով»,- հայտարարեց Մկրտչյանը։ 

FIP.am-ը, սակայն, արդեն ներկայացրել է, որ Փաշինյանի կողմից օգտագործված Չայզամի և Էյվազլի տեղանունները որևէ կապ չունեն Սյունիքի հայկական գյուղերի հետ։ Չայազմի և Էյվազլի հատվածներում հայկական գյուղեր չկան։ 

Փաստերի ստուգման հարթակ