Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Թադե քահանա Թախմազյանի հայցերով քաղաքացիական գործերի վարույթները՝ որոշելով, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու վերաբերյալ վեճերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Երկու հոգևորականները դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ իրենց կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունները և վերականգնել նախկին պաշտոններում՝ Ասատրյանին՝ Սուրբ Հովհաննավանքի, Թախմազյանին՝ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում։
Դատարանը եզրակացրել է, որ հոգևորականներին կարգալույծ հռչակելու հարցերը վերաբերում են Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են եկեղեցական կանոններով։ Ըստ այդմ՝ դատարանը կարճել է վարույթները՝ առանց հայցերը ըստ էության քննելու և Կաթողիկոսի որոշումների իրավաչափությունը գնահատելու։



















