Առաջիկայում Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի է հեռանալու, ինչ-որ մի հարմար պահի նաև դուրս է գալու. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Որոշումն ինչպե՞ս եք գնահատում, ու ի՞նչն է նման որոշում կայացնելու հիմք հանդիսացել՝ ըստ ձեզ:

– Նման որոշման պատճառ է դարձել ՀԱՊԿ-ի անգործությունը՝ Հայաստանի նկատմամբ ոտնձգություններին ու ագրեսիային դիմակայելու հարցում, ու Հայաստանն ընտրել է նոր քաղաքականություն՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ դեմարշ, որն արդեն տեսանելի է, ու իրագործում է: Առաջիկայում, կարծում եմ, Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի է հեռանալու, ինչ-որ մի հարմար պահի նաև դուրս է գալու այդ կառույցից:

– Սա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությո՞ւն է նշանակում:

– Վեկտորի փոփոխությունը, այո՛, արդեն սկսվել է, շատերի համար դա դեռ տեսանելի չէ, բայց իրականում արդեն սկսվել է: Այն դեռևս չի կրում կտրուկ շրջադարձային բնույթ, արվում է քայլ առ քայլ, ու ապագայում վեկտորի փոփոխության քաղաքականությունն ավելի տեսանելի է լինելու:

 – Իսկ իշխանությունն այդ դեպքում ինչո՞ւ է ասում, թե արտաքին քաղաքականության վեկտորն իրենք չեն փոխում:

– Դրա մասին չի հայտարարվում, որպեսզի Ռուսաստանի կողմից կտրուկ արձագանքներ չլինեն, բայց ակնհայտ է, որ Հայաստանը գնում է այդ քայլին: Ես վստահ եմ, որ առաջիկայում ավելի տեսանելի քայլեր են երևալու այդ ուղղությամբ: 

– Իսկ այս պարագայում Ռուսաստանի կողմից այդ կտրուկ արձագանքները չե՞ն լինելու, պարո՛ն Վարդանյան:

– Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ չի բացառվում, իշխանությունների վախերն էլ հենց դրա հետ են կապված, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանն այլևս չի կարող այսպես շարունակել: 

Ռուսական ուղեծրում գտնվելով՝ մենք կորցրել ենք շատ-շատ բաներ, ընդհուպ Արցախը, ու պետք է արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ անել, դա կարող է լինել կտրուկ կամ քայլ առ քայլ, բայց, ամենայն հավանականությամբ, կլինի քայլ առ քայլ:

– Մարդիկ, որոնք դեմ են վեկտորի փոփոխությանը, համենայնդեպս, աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, ասում են, որ Արևմուտքից Հայաստանին չեն տրվել ռեալ երաշխիքներ, իսկ այդ պարագայում Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը Հայաստանին էլ ավելի վատ դրության մեջ կդնի: Արևմուտքից կա՞ն ռեալ երաշխիքներ ու սպասելիքներ:

– Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական փաստաթղթի ստորագրումն արդեն իսկ աննախադեպ է, շատերը նույնիսկ դա անհավանական էին համարում, բայց տեսանք, որ եղավ: Առաջիկայում, վստահ եմ, որ շուտով կտեսնենք, որ այլ երկրների հետ ևս ռազմատեխնիկական համագործակցության դրսևորումներ կլինեն: 

Ի դեպ, Ֆրանսիայի հետ համագործակցության փաստաթուղթը բավականին լուրջ փաստաթուղթ է, և արևմտյան այլ երկրներում էլ այդպիսի ցանկություն կա, որպեսզի Հայաստանին արդեն տեսնեն որպես իրենց ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում:

 Ընդհանրապես, քայլեր կան, որ 10, 20 տարի առաջ պետք է անել, որ արդյունքը հիմա տեսնես, այնպես որ, այս քայլերը շատ ուշացած են: Այս քայլերը պետք է արվեին 20 տարի առաջ, ոչինչ չի արվել: Հայաստանը բոլոր հնարավոր ձևերով մտել է ռուսական ճահճի մեջ, խրվել դրա մեջ՝ զրկվելով արևմտյան քաղաքական ու ռազմական աջակցությունից, ինչի ցավալի հետևանքները մենք տեսանք 2020 թվականից ի վեր: Հիմա պետք է սխալներն ուղղել ու գնալ այլ ճանապարհով, ինչը փորձում են իշխանությունները: 

– Այսինքն՝ չնայած սպասվող ռիսկերին, այնուամենայնիվ, կարծում եք, որ իշխանության այս որոշումը ճի՞շտ է:

– Միանշանակ, ես ավելին ասեմ՝ Հայաստանը պետք է նաև դուրս գա ՀԱՊԿ-ից, ու վստահ եմ, որ այդ դեպքում ավելի նկատելի, շոշափելի ու ավելի մեծ օգնություն կստանանք Արևմուտքից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am