Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական խաղեր

Երևանում օգոստոսի 4-6-ը Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական պատանեկան մրցաշարեր բասկետբոլ (աղջիկներ և տղաներ), վոլեյբոլ (աղջիկներ) և բռնցքամարտ (8 քաշային կարգերով) մարզաձևերից: 

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

«Երևանի և Ստեփանակերտի մարզական համագործակցությունը սկիզբ է դրվել դեռևս 2014 թվականին, որից հետո յուրաքանչյուր տարի երկու մայրաքաղաքների մարզական համագործակցությունն իրականացվել է տարբեր մարզաձևերի մրցաշարերով։

Այս տարի առաջին անգամ երեք մարզաձևերից 4-ական թիմ իրականացրեց համատեղ մարզումներ՝ փորձի փոխանակման ու հետագա կապերը հաստատելու նպատակով: Անցկացվեցին ընկերական ստուգողական հանդիպումներ։ Բասկետբոլի տղաների մրցաշարն անցկացվեց «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում:

Բասկետբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին օլիմպիական ավանի մարզադահլիճում: Բռնցքամարտի մենամարտերը կազմակերպվեցին Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում: Վոլեյբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին նախկին «Հավաքականների կենտրոն»-ի մարզադահլիճում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման նախավերջին օրը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները գավաթներով ու հուշադրոշներով պարգևատրել են մասնակից բոլոր թիմերին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ստեփանակերտի մարզական պատվիրակության համար «Երևան սիթի տուր» ավտոբուսով կազմակերպվել է նաև շրջագայություն մայրաքաղաքում, և հավելում, որ միջոցառման բոլոր ծախսերն իրականացվել են Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված «Մարզական միջոցառումների կազմակերպում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի և «Աուտսորս» ՍՊԸ-ի համագործակցությամբ: