«Կարանտինի ժամանակ կարոտն ավելի խեղդող է»․ Գայանե Սիմոնյանը՝ ռուսական «խոպաններից»

44-ամյա Գայանե Սիմոնյանը կարանտինն անցկացնում է երեխաների հետ, բայց վիրտուալ տարածքում․ նա Մոսկվայում է, չորս երեխաները՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 

«Կարանտինն ամեն ինչի հերն անիծեց»,- հոգոց է հանում Գայանեն ու պատմում՝ ամեն պահ առավոտից երեկո իր երեխաների հետ է՝ երեխաները հաց են պատրաստում, ուտում, ապրում, ուրախանում, կարանտինից տրտնջում, քնում են իր հետ՝ բայց հեռախոսի միջոցով։ 

«Կարատնինի ժամանակ, երբ տանն ենք նստած, կարոտն ավելի խեղդող է։ Երբ աշխատում էի, դուրս էի գալիս տնից, շփվում էի իմ երեխու հետ, որին այստեղ պահում եմ, օրս ինչ-որ տեղ լցվում էր, կարոտս լրացվում էր։ Բայց հիմա, երբ կարանտին է, կարոտը սպանում է, դեպրեսիայի բուն է։ Հիմա ավելի եմ օտարություն զգում, երբ տանը նստած եմ։ Մեկ-մեկ էլ վախենում եմ՝ ասում եմ՝ հանկարծ էս օտարության մեջ չմեռնեմ։ Խոր մտածում ես, շատ դաժան է։ Աստված չանի, մի բան պատահի, չես կարող ոչ մեկին հասնել։ Մեր անկարողությունն եմ ավելի շատ զգում, նաև զգում եմ՝ ինչքան փոքր ենք մենք, ձեռքներս՝ կարճ ու կապված»,- ասում  է նա։ 

Գայանե Սիմոնյանը Հրազդանի համար 6 միջնակարգ դպրոցում ուսուցիչ է եղել, 2014-ին՝ քննությունների արդյունքներով, դպրոցի տնօրենի հավակնորդ։ 

Երազների կրթօջախն է մտածել դարձնել հրազդանյան դպրոցը, որտեղ, իր ասելով՝ կիշխի սերը։ 

«Ուզում էի իմ երազանքի դպրոցն ունենալ։ Ուզում էի դառնալ տնօրեն, սիրով լի դպրոց ունենալ, որտեղ առաջնայինը սերը կլիներ։ Նախարարությունում Անահիտ Բախշյանն էր ինձնից քննություն վերցնում, հարցրեց՝ ինչպիսի՞ն է լինելու քո դպրոցը, պատասխանեցի՝ այնտեղ միայն սեր է լինելու, որի միջոցով ամեն խնդիր հնարավոր է հարթել»,- պատմում է Գայանեն։

Սակայն դրանք միայն ծրագրեր էին, և հրազդանցի ուսուցչուհուն ու միայնակ մորը առաջին հերթին անհրաժեշտ էր լուծել սեփական երեխաների խնդիրները, փակել տարիների ընթացքում կուտակված պարտքերը։ 

«Ես շատ արագ որոշեցի լքել երկիրը, էլ չսպասեցի տնօրեն դառնալուն։ Իհարկե, ինձ ինչ-որ մեկը չի դրդել լքել, դա խիստ անձնական, կենցաղային հարց էր։ Մենակ էի երեխեքիս մեծացնում, չորս անչափահաս երեխա, և շատ մեծ խնդիրներ ունեինք։ Չորս երեխաների հետ հայտնվել էի դրսում, ոչ տուն կար, ոչ ապրելու տեղ։ Դրա հետ միասին՝ ամուսնությունից «ժառանգություն» մնացած հսկայական պարտքեր»,- նշում է Գայանեն։

Չորս անչափահաս երեխաներին միայնակ, առանց մեծահասակի խնամքի թողնելու միտքը հանգիստ չի տալիս նախկին ուսուցչուհուն, բայց ելքը գտնում են․ 

«Ունեմ հարազատներ, որոնք կարող էին պահել երեխեքին, բայց չուզեցի ինչ-որ մեկի վրա բեռ լինել՝ թողնելով 4 երեխա։ Նստեցինք, երեխեքի հետ քննարկեցինք ու որոշեցինք, որ նրանք մենակ կմնան։ Իմ մեծ աղջիկը 17 տարեկան էր, որ նրանց թողեցի եկա Ռուսաստան։ Որոշեցինք, որ մենք մեր խնդիրները միասին, համատեղ ուժերով ենք լուծելու։ Ես նրանց ասացի՝ դուք պետք է ինձ լինեք թև ու թիկունք ձեր համեստությամբ, ձեր կարգապահությամբ, հասունությամբ»։

Աշխատանքի որոնման մոսկովյան առաջին օրերը դժվար են եղել «խոպան» եկած կնոջ համար․ առաջին երկու աշխատավայրում երկար չի կարողացել աշխատել, սակայն հետո գտել է սիրելի Իգարյոկին, չորս տարի եղել նրա դայակը․ 

«Հենց առաջին օրը, որ գնացել էի հարցազրույցի, Իգարյոկի ծնողները վերցրել են աշխատանքի։ Ինձ հարցրին՝ փորձ ունե՞ս, անկեղծ էի, ասացի՝ ոչ, չունեմ։ Կարող էի կեղծել, բայց ինչո՞ւ։ Ես 20 տարի դպրոցում եմ աշխատել, բացի դա, 4 երեխա եմ մեծացրել։ Ասացի՝ եթե դա ձեզ համար փորձ չի, էլ ուրիշ բան չունեմ ասելու։ Ու իրենք ինձ վերցրին։ Երբ երկար ժամանակ անցավ, մտերմացանք, ես հարցրի՝ ինչու ինձ վերցրիք աշխատանքի, ասացին՝ հենց քո հայ լինելը, որովհետև հայերը լավ մամա են, մեր երեխուն էլ լավ կպահեն»։

Ռուսաստանում, Գայանեի խոսքով՝ ազգությամբ հայ դայակներ շատ կան ու բավականին հարգված են։ 

«Էդ նրանից է, որ մենք՝ հայերս, լավ ենք վերաբերվում երեխաներին, խնամում, հոգատար ենք։ Իմ երեխեքի պես էս երեխեքին խնամում եմ։ Գիտեք, մի բան ասեմ՝ էս երեխեքին ավելի շատ եմ խնամում, հոգ տանում, քան արել եմ իմ հարազատ երեխաների համար։ Էն ժամանակ ես աշխատում էի, տուն էի գալիս, զբաղվում էի տան գործերով, ուշադրություն չէի դարձնում նրանց։ Բայց հիմա մտածում եմ՝ ինչ իմ երեխեքի համար չեմ արել, անում եմ այս երեխաների համար»,-բացատրում է նա։

Կորոնավիրուսով պարտադրված կարանտինը նրան ևս ստիպել է փակվել տանը, արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, որի համար չի վճարվելու։ 

«Էն, որ չենք աշխատում, արդեն մեծ բան է փոխել մեր կյանքում։ Հայաստանից դուրս գտնվող մարդու համար հիմա ավելի ծանր է, հենց ֆինանսական հարցը, որովհետև մենք չենք եկել ստեղ հանգիստ ապրելու, եկել ենք աշխատենք, որ տուն-տեղ պահենք։ Հիմա էլ ոչ մի ձև չենք կարողանում ոչ մեզ ապահովել, ոչ ընտանիքին»,- ասում է Գայանեն։ 

Առայժմ Հայաստան վերադառնալու մասին չի մտածում, հույս ունի՝ շուտ կավարտվի կարանտինային կյանքը, և դուրս կգա աշխատանքի, քանի որ Հայաստանում իր խնամքին երեխաներն են։ 

«Երեխաներս ինձ են սպասում, նրանց պետք է ապահովել, վարկս պետք է փակել, ո՞վ պետք է անի։ Կվերջանա էս ամեն ինչը, դուրս կգանք աշխատանքի։ Հույս ունենք, որ կդզվի էս վիճակը»,- նշում է Գայանեն։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am