Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ գտնվելու փաստը ճնշմամբ ընդունած քաղաքական որոշման արդյունք է:
Անգամ եթե ռուս իրավապահներն են նրան բերման ենթարկել, հայ իրավապաշտպանները կարծում են, որ այդ դեպքում պատասխանտվության պետք է ենթարկվեն Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները, քանի որ չեն կարողացել ժամանակին և օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել հանցագործին հայտնաբերելու համար:
«Հանցագործությունը կատարվել է ռազմաբազայի տարածքից դուրս, բայց նա, ի վերջո, հայտնվել է բազայի տարածքում: Ի՞նչպես է զինվորականը հայտնվել ռազմաբազայի տարածքում, չէ՞ որ նա հանցագործություն կատարելուց հետո ռազմաբազա չի գնացել: Որտե՞ղ էին մեր իրավապահները, որ չկարողացան օպերատիվ արձագանքել և բռնել հանցագործին: Բացառված չէ, որ մեղադրյալի ռուսական կողմի իրավասության տակ գտնվելը քաղաքական որոշման արդյունք է՝ կայացված «մեծ եղբոր» ճնշման տակ», – նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա կարծիքով ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովի այցը Գյումրի խոսում է ՀՀ իշխանությունների վրա առկա ճնշման մասին:
«Մեդիա կենտրոնում» հունվարի 16-ին կայացավ «Քաղաքական և իրավական արձագանք Գյումրիում աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը և պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ընտանիքի ողբերգական սպանությունը ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև մայրաքաղաքում: Մի քանի օր է՝ Գյումրիում և Երևանում անց են կացվում ակցիաներ՝ մեղադրյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով: Բողոքի ակցիաները Գյումրիում՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքի, 102-րդ ռազամբազայի, ինչպես նաև մարզային դատախազության շենքի դիմաց եւ Երևանում՝ նախագահի նստավայրի և Ռուսաստանի դեսպանատան դիմաց առանց բախումների չեն անցել:
Ցուցարարների՝ հանցագործին Հայաստանի արդարադատության համակարգին հանձնելու պահանջը դեռեւս չի կատարվել: Գյումրի ժամանած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հավաստիացումները, որ անցագործը քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում չկասեցրեցին բողոքի ալիքը:
Իշխանյանի խոսքերով՝ հասարակության և հատկապես գյումրեցիների մեծ մասի համար արժանահավատ չէ կատարվածի պաշտոնական վարկածը, որ զինվորականը մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու ցանկությամբ ու գնդակահարել ողջ ընտանիքին: Նրանք նաև կասկածում են, որ Հայաստանին չհանձնելու դեպքում հանցագործը պատասխանտվության կենթարկվի ընդհանրապես:
«Նրանք շատ են կասկածում, որ կասկածյալը, ով պահվում է ռուսական բազայի տարածքում, ընդհանրապես պատասխանատվություն կկրի: Այս դեպքը ցույց տվեց, որ Հայաստանը զիջում է իր սուվերենությունը և անգամ իր արդարադատությունն է զիջում: Որտե՞ղ է այդ սահմանը: Մինչև որտե՞ղ մենք պետք է զիջենք», – հայտարարեց Ավետիք Իշխանյանը՝ միևնույն ժամանակ դատապարտելով ոստիկանության «կոպիտ գործողությունները խաղաղ ցուցարարների» նկատմամբ:
«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ հայ իրավապահներն իրենց գործողություններով Երևանում սադրել են մարդկանց, մինչդեռ քաղաքացիները պարզապես սոլիդարության հավաքներ են անցկացրել:
«Փոխանակ իրականացնեին օպերատիվ գործողություններ Շիրակի մարզում, սանրեին տարածքը հանցագործին գտնելու համար, նրանք լծվեցին խաղաղ ցույցերը ցրելու գործին: Այն, ինչ կատարվեց Ազատության հրապարակում հունվարի 15-ին, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հրահրում, սադրում, բերման ենթարկել, օկուպանտներին ծառայող տեղական պոլիցայների վարքագիծ է: Մարդկանց զայրույթը անարդարության զգացողության արդյունք է, քանի համոզիչ չեն մինչև այժմ բերված վարկածները», – նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից Պերմյակովի գործը գտնվում է ռուսական իրավապահների իրավասության տակ, և նա չի կարող հանձնվել Հայաստանին:
Այժմ Պերմյակովի դեմ հարուցել են քրեական գործ և՛ Հայաստանի և՛ Ռուսաստանի իրավապահները: Նա մեղադրվում է Գյումրիում ընտանիքի սպանության և զենքով դասալիքության մեջ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին, հիշեցրեց, որ մեղադրյալը ռուսական հինգերորդ կայազորային դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ: «Այո՛, նախաքննության ընթացքում գոյություն ունեն մեր և ռուսների կողմից հարուցած երկու քրեական գործեր: Ընթանում է քննություն: Քննության նյութերը կմիավորվեն մեկ գործի մեջ, որից հետո տեղի կունենա դատավարություն: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատավարությունից հետո նա ուղարկվում է պատիժը կրելու Ռուսաստանի որևէ քրեակատարողական հիմնարկում», – պարզաբանեց Մարուքյանը:
Սպանությունը Գյումրիում ստացել է քաղաքական ենթատեքստ, նշում է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պարզաբանելով, որ խախտվել է Հայաստանում միջպետական պայմանագիր:
«Միջպետական պայմանագիր է խախտվել այն առումով, որ սահմանապահները պետք է հանձնեին հայտնաբերված անձին հայ իրավապահներին, հատկապես որ նա եղել է քաղաքացիական հագուստով և առանց անձը հաստատող փաստատթղթի: Բացի դրանից, ըստ միջպետական պայմանագրի, առաջացած խնդիրները լուծելու համար կողմերը պետք է ձևավորեն համատեղ հանձնաժողով, ինչը ևս չի արվել: Երբ չեն օգտագործվում խնդրի կարգավորման իրավական մեխանիզմները, այն ստանում է քաղաքական ենթատեքստ», – նշեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Ազգային Ժողովում ևս կքննարկվի Գյումրիում աղմկահարույց սպանության խնդիրը: «Այս պահին գնում են նախնական քննարկումներ: Արդեն ԱԺ չորս հանձնաժողովներ համաձայն են իրականացնել համապատասխան քննարկում», – հավելեց նա:
Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը, երկրի արժանապատվությունը և հասնել հանցագործության շարժառիթի բացահայտմանը:
«Մեդիա կենտրոն»