«Ինչո՞ւ է Վանեցյանն այդպես դիրքավորվել, որովհետև նրա պահանջարկը կա այդ դաշտում». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում գնալով ակտիվանում է։ Նա հայտարարել է, որ իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ակտիվացումը։

– Վանեցյանն արդեն դիրքավորվել է որպես ընդդիմադիր, և որոշակի առումով արդեն նրան կապում են նախկին իշխանությունների հետ։

Ինչո՞ւ է Վանեցյանն այդպես դիրքավորվել, որովհետև նրա պահանջարկը կա այդ դաշտում։ Նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո, կարելի է ասել, որ իշխանությունն այլևս նրա պահանջարկը չուներ։

Սակայն կան հայտնի ուժեր, որոնք փնտրում են այդպիսի կադրեր, որոնք առավել ևս նոր իշխանության մաս են կազմել։ Եվ այդ մարդկանց փորձում են ինչ-որ առումով օգտագործել իշխանության դեմ պայքարում։

Վանեցյանը շատ լավ համապատասխանում է այդ դերին, ինքն էլ ստիպված է ընդունել այդ դիրքավորումը, հակառակ դեպքում այլևս անելիք չէր ունենա քաղաքական դաշտում։

– Որքանո՞վ կարող է հաջողվել քաղաքականության մեջ Վանեցյանը։

– Դա կախված է նրանից, թե «հաջողել» ասելով ինչ ենք հասկանում։ Առաջին հերթին Վանեցյանն ինչի՞ համար է «դրվել» այն ուժերի կողմից, ովքեր նրա մեջքին կանգնած են։

Պետք է հասկանալ՝ ինչի՞ համար է նա ներքաշվել այս խաղի մեջ։ Այդտեղ նպատակադրման խնդիր կա, կարելի է ասել՝ Վանեցյանին հաջողվում է անել այն, ինչ ցանկանում են այն ուժերը, ովքեր Վանեցյանին մտցրել են այդ խաղի մեջ։

Նրանք փորձում են, օգտագործելով Վանեցյանին, օգտագործել այն հնարավորությունը, որը Վանեցյանն ուներ նախկինում, երբ իշխանության մեջ էր՝ որոշակի առումով այսօրվա իշխանության հեղինակության վրա ազդելու առումով։ Այդ առումով կարող ենք ասել, որ որոշակի հաջողության հասնում են նրանք, քանի որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք որոշակի հիասթափված են նոր իշխանությունների գործողություններից։

Եվ այդ մարդիկ որոշակիորեն հրապուրված են Վանեցյանի նոր դերակատարմամբ։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք, այո՛, որոշակի հաջողության նշույլներ կան։ Իսկ եթե Վանեցյանին մի պահ պատկերացնենք որպես առանձին ֆիգուր քաղաքականության մեջ, պատկերացնենք, որ նա ինքնուրույն կարող է մրցակցել իշխանության կամ անձամբ վարչապետի հետ և փորձել հաջողության հասնել այն առումով, որ իշխանության մեջ որոշակի դերակատարություն ստանձնի, կարծում եմ՝ այստեղ հաջողության հասնելու շանսեր նա չունի։

– Վարչապետն ասուլիսում ասաց, որ իշխանության դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում, և կարծես հենց Վանեցյանին էր ակնարկում, որ իշխանության ներսում գտնվելով՝ գործել է իշխանության դեմ։ Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ի սկզբանե, լինելով իշխանության մեջ, նա գործել է իշխանության դեմ։

– Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ՝ նա ի սկզբանե՞ է գործել իշխանության դեմ, թե՞ ոչ։

Հավանաբար դա կիմանա միայն Նիկոլ Փաշինյանը։ Ես իմ կարծիքը կարող եմ ասել՝ ես չեմ կարծում, որ Վանեցյանը հենց սկզբից է գործել իշխանության դեմ։ Ուղղակի նոր իշխանության պատկերացումները որոշակի գործընթացների նկատմամբ չեն համընկել անձամբ Վանեցյանի պատկերացումների հետ։

Իսկ հիբրիդային պատերազմը բավական մոդայիկ տերմին է, որն օգտագործում են շատ երկրներում։ Իրականում, այո՛, կարող ենք ասել, որ հիբրիդային պատերազմի նմանվող որոշակի գործողություններ իրականացվում են։

Եվ իշխանության համար պայքարի տրամաբանության շրջանակներում այդ հիբրիդային գործողությունները ներառում են ոչ միայն Վանեցյանի ֆիգուրը, այլև շատ այլ մասնակիցներ։

Կարող ենք նշել նաև Սահմանադրական դատարանը, այլ դերակատարներ, ովքեր ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում, իր տեղում փորձում է այդ օղակի մի մասը կազմել և ամբողջական պատկեր ստանալ, որն իրենց տակ են փորձում քաշել այն ուժերը, որոնք իրենց արմատական ընդդիմադիր են համարում։ Փաստացի խոսքս նախկին իշխանությունների մասին է։

– Հնարավո՞ր է այս պայքարում ընդդիմադիր զանգվածը հաջողության հասնի այն տեսանկյունից, որ թուլացնելով իշխանությանը՝ վարչապետի նոր թեկնածուի հարց բարձրանա ի վերջո։

– Եթե նկատի ունենք անձամբ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ապա դա կարող է լինել իրատեսական սցենար որոշակի գործընթացների դեպքում, որոնց պայմաններում Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ, և ինչ-որ մեկը կարող է ընտրվել։

Սակայն դա այն ուժերին, որոնց մենք նկատի ունենք, այսինքն՝ նախկին իշխանությանը, կարող է ոչինչ չտալ։ Այն լիազորություններով, որոնցով փաստացի այսօր գործող Սահմանադրությամբ օժտված է ՀՀ վարչապետը, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն գա մեկ այլ վարչապետ, ով ցանկանա անձնական վրեժ լուծել կամ ավելի կոշտ մեթոդներ գործադրել նախկինների նկատմամբ, ապա նախկինների համար դա հաջողություն համարելը հարաբերական կլինի։

Եթե մենք դիտարկենք, որ հաջողության հասնելն անձամբ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է ու այլ դերակատարի ընտրվելը, որը չի կարող համարվել իրենց դրածո, ապա դա չենք կարող իրենց համար «հաջողության հասնել» որակել։

Դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ նրանց համար։ Իսկ եթե հաջողություն ասելով հասկանանք նրանց դրածոներից որևէ մեկի իշխանության գալը, ապա այսօր հասարակական տրամադրությունները նման զարգացման հնարավորություն դեռևս չեն տալիս։

Թեև ամեն ինչ հնարավոր է, դա կախված է նրանից, թե իշխանությունն ինչպե՞ս կդրսևորի իրեն, կկարողանա՞ ժամանակի ընթացքում չկորցնել լեգիտիմության այն պաշարը, որն այսօր դեռ ունի և կկարողանա՞ արդյոք դրա հիման վրա հաջորդ շրջափուլում՝ 2023 թվականին ստանալ ժողովրդի վստահությունը։

Իսկ այն, որ դա պետք է լինի ժողովրդավարական ճանապարհով, և ժողովրդի վստահությունը պետք է կարևորագույն գործոնը հանդիսանա, հույս ունեմ, որ Հայաստանի համար այլևս անշրջելի է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am