«Ասում էր՝ ոչ մի վախենալու բան չկա, 5 օրով ենք գնում, ռուս խաղաղապահները կանգնած են»․ Անդրանիկ Շահնազարյանը զոհվել է Հադրութում՝ հրադադարից մեկ ամիս անց

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում թեժ մարտերին մասնակցելուց հետո 38-ամյա Անդրանիկ Շահնազարյանը, երբ տուն վերադարձավ, ընտանիքը մեծ երջանկություն ապրեց՝ կարծելով, թե դժվար ու ծանր օրերն արդեն մնացել են անցյալում:

Սակայն ընտանիքի անդամներն ու հարազատները չէին պատկերացնում, որ հրադադարից շաբաթներ անց Անդրանիկին ջոկատի հետ կրկին կկանչեն դիրքեր, որտեղ դեկտեմբերի 11-ին հակառակորդը հարձակում կգործի, և Անդրանիկ Շահնազարյանը 8 զինակից ընկերների հետ հակառակորդի դեմ պայքար մղելիս կզոհվի։

«Նոյեմբերի 26-ին ամուսնուս կանչեցին զորամասից, ասեցին՝ այս անգամ հերթափոխ պետք է իրականացնեն Լաչինում։ Ամուսինս ինձ հանգստացնում էր, ասում էր՝ Նին ջան, ոչ մի վախենալու բան չկա, 5 օրով ենք գնում, ռուս խաղաղապահները կանգնած են։ Այսպես ամուսինս իր ջոկով մեկնեց Արցախ, բայց Լաչինի փոխարեն տղաներին տանում են Հադրութ՝ մասնակցելու Հին Թաղերի և Խծաբերդի պաշտպանությանը։ Հայերի վերահսկողության տակ էին գյուղերը, բայց ամբողջությամբ թուրքերի կողմից շրջափակված։

Ամուսինս ու մյուսները եղել են շրջափակման մեջ, որ հարցնում էի՝ որտե՞ղ ես, ասում էր՝ Նին ջան, չգիտեմ, գյուղի անունն էլ չգիտեմ, ստեղ ենք, մի քանի օր լավ մնացեք, կգանք»,- հուզվում է կինը։

Սպասման ու անորոշությամբ մեջ դեկտեմբերի 11-ին Նինան ուրախություն է ապրում, երբ ամուսինը զանգում է և ասում, որ հերթափոխն ավարտվում է, և հաջորդ օրն արդեն տուն կվերադառնան: 

«Ասեց՝ Նին, վաղը իջնելու ենք… Ո՜նց էինք ուրախացել, սպասում էինք, որ մեր պապան տուն ա գալու, ասում էի՝ երեխեք, էս գիշերն էլ քնենք, առավոտը մեր պապան կգա։ Առավոտյան աշխատանքի գնացի, մի պահ բացեցի Ֆեյսբուքը, տեսնեմ՝ կռիվ ա եղել, ու ես չգիտեի ամուսնուս տեղը, չգիտեի՝ որ գյուղում ա, որ մասում ա։ 

Անհանգստացա, անհամբեր սպասում էի, որ զանգի, բայց զանգ չեղավ․․․»- ասում է Նինան ու հուզվում։ 

Հաջորդ օրն առավոտյան Նինան ընտանիքի անդամների հետ որոշում է գնալ զորամաս և հետաքրքրվել՝ որևէ տեղեկություն ունե՞ն տղաներից, սակայն տնից դուրս գալուց առաջ ամուսնու հեռախոսահամարից նամակ է ստանում՝ սալամ։

«Առաջին բանը, որ մտածեցի՝ գերի ա ընկել, ու չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս: Չորս կողմից բոլորը հանգստացնում էին, ասում էին՝ բանակցում են ռուսի հետ, հեսա Անդոն կիջնի։ 

Ասում էին՝ հեսա բերում են, հեսա իջնում են։ Չէին ասում, որ ոչ թե իջնում են, այլ իջացնում են»,- կրկին հուզվում է կինը ու ասում, որ դեպքից միայն 6 օր անց՝ դեկտեմբերի 17-ին է իմացել, որ ամուսինն ու զինակից ընկերները հակառակորդի դեմ մինչև վերջին փամփուշտը կռիվ են մղել և զոհվել։

«Ինը տղաների մարմինները գտել են կողք կողքի։ Ամսի 11-ի երեկոյան, որ էս կռիվը սկսվել ա, ամուսինս՝ որպես դասակի հրմանատար, կապ ա պահպանել իրանց հրամանատարության հետ, ասել ա՝ ի՞նչ ենք անում, եկել են: Ասել են՝ ոչ մի բան, դուք ձեր դիրքում հանգիստ դիրքն եք պահում, ձեզ առավոտյան անվնաս կիջացնենք: Գիշերվանից մինչև հաջորդ օրը ժամը 2-ը հերոսական կռիվ են տվել թուրք հատուկ ջոկատայինների հետ։ 

Իրենց հրամանատարությունն էլ շատ լավ գիտի, իջնողներն էլ են պատմել, ասում են՝ մենք տեսանք, որ էնտեղ կռիվ ա, տղերքը կռիվ են անում, ու, տեսնելով հանդերձ, ոչ ոք օգնության չի գնացել։ Ամուսինս զանգել ա, ասել՝ եթե չեք գալիս, գոնե զենք ուղարկեք, զենքը վերջանում ա… Զենք էլ չեն ուղարկել, թողել են շրջափակման մեջ, կռիվ են տվել՝ մահը աչքերի առաջ»,- պատմում է Նինան։

Նինան ասում է՝ ծանր է գիտակցել տեղի ունեցածը, հաշտվել իրականության հետ և հասկանալ, որ ամուսինն այլևս ողջ չէ․ «Չէի սպասում, որ էդպիսի բան կլինի, որ կգային կասեին, որ պիտի հասկանաս, ընդունես, որ քո ամուսինը հերոս ա, որ ինքը գիտակցված կռվել ա, որ գերի չընկնի, գերադասել ա կռվի, քան թե գերի ընկնի»։

Անդրանիկ Շահնազարյանը ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ակադեմիան։ Բանակում լավ ծառայության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում, սակայն զինվորական ծառայությամբ հետագայում չի հետաքրքրվել։ Աշխատել է վարկային կազմակերպությունում՝ լինելով առաջատար վարկային մասնագետ։ 2004-ին Նինա Հովհաննիսյանի հետ ընտանիք է կազմել և երեք երեխա ունեցել՝ 16-ամյա Միլենան, 12-ամյա Լևոնը և 3-ամյա Նարեն։ 

«Ես որ մեկ-մեկ նստում եմ ու գիտակցում եմ՝ ինչ պապա ենք կորցրել, ինչ ամուսին եմ կորցել՝ խելացի էր, ամեն բնագավառում փայլում էր իր գիտելիքով, իր նվիրվածությամբ ընտանիքին, քիչ է մնում խելագարվեմ»,- ասում է Նինան։

Արցունքները կոկորդում խեղդելով՝ Նինան նշում է, որ կարոտը մեծ է, ցավը՝ աննկարագրելի։

«Մենք շատ աչքի ընկնող զույգ ենք եղել, բոլորն ուզել են մեզ նմանվել, էս դեպքից հետո էլ ովքեր նայում են մեր նկարները, ասում են՝ չկա մի նկար, որտեղ Անդրանիկը Նինային փաթաթված չլինի։ Մեր սերն առաջին օրվանից եռապատկվել ու քառապատկվել էր։ Միշտ մի խոսք ուներ, ասում էր՝ ամեն իրավիճակում միշտ հիշի, որ ես քեզ շատ եմ սիրում, էդ խոսքը դաջված ա։ Էնքան դժվար ա, երևի ամեն կորցնող ինքը գիտի՝ ինչ ա կորցնում»,- ասում է Նինան ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am