ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի օր առաջ մի շարք դիվանագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին։ Գրիգորյանը նշեց, որ այցի ընթացքում Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական։
Գրիգորյանը խնդրեց Ռուբինյանին՝ որպես խորհրդարանական երկրի ԱԺ նախագահ, հայտնել իր դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրվեց՝ որքանով են նման քայլերը նպաստում խաղաղությանը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ ձեռք բերված խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի։
«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են։ Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- հայտարարեց ԱԺ նախագահը։
Ռուբինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր դիրքորոշումը հստակ է՝ նման հայտարարությունները օգտակար չեն խաղաղության պահպանման և խնամքի համատեքստում։
«Սա հստակ դիրքորոշում է»,- եզրափակեց ԱԺ նախագահը։



















