«Ամենատպավորիչ» դավաճանության հեղինակը. Նիկոլ Փաշինյանն` Արթուր Բաղդասարյանի մասին

ՕԵԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր հետ առնչություն ունեցող հատվածին:
«ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.
Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ «դիֆերամբներ» ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով:

Ու չնայած պարոն Բաղդասարյանը ակնարկել է իմ «ազնիվ գործիչ» լինելու մասին, որեւէ լավ բան չեմ կարող ասել մի մարդու հասցեին, ով մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանությունների տանիքի տակ:

Ընդգծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է եւ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի «ամենատպավորիչ» դավաճանության հեղինակ»,-իր հայտարարության մեձ նշում է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ տասնմեկերորդ համագումարի ժամանակ իր ելույթում Բաղդասարյանը խոսելով 2008-ին իշխանության կողքին կանգնելու մասին ասել է.

«Իսկ ի՞նչ այլ որոշում պետք է ընդունեինք, եթե մեր երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր, թշնամին` թիկունքում: Գնայինք արկածախնդրությա՞ն, ժողովրդին տանեինք բախումների՞, որի արդյունքում տեղի ունեցան այդ տհաճ եւ ողբերգական երեւույթները: Ո՞վ է պատասխանատու մարտի 1-ի համար` այն առաջնո՞րդը, որն իր առանձնատնից չիջավ 2 կանգառ: Հաստատ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր, ոչ էլ մի քանի ազնիվ գործիչներ, որոնք հետագայում հայտնվեցին բանտերում»:

© Medialab.am