390 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համար

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային
ֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման
աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների
ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը
սեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն,
հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Նախարարին ներկայացվել
է պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսված
վայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը։