«Օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին»․ Պաշտպանության նախարար

«Պաշտպանության նախարարությունն ամեն օր շփման գծում և Ղարաբաղում իրավիճակը ներկայացնում է։ Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ սպանություն շփման գծում, մեկ վիրավոր ունենք Շուշիում»,- այսօր Ազգային ժողովում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նրա՝ հրադադարի խախտում երբեմն լինում է։ «Օրինակ՝ օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին։ Օդ են կրակում, և բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք։ Եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին։ Իրենք քննություն են իրականացնում»,- հավելեց նա։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այսօր հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի Մուրադովի հետ և այդ հարցը բարձրացրել։ «Այդ հարցը դրել եմ, որ կան դեպքեր, որոնք ոչ ուղղված են մեր դիրքերի, զինվորների կամ բնակիչների դեմ, բայց կան, ո՞նց ենք վարվելու։ Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև, թե ոնց ենք դա գրանցում։ Եվ մոտեցումը ձևավորված է հիմա»,- նշեց նա։