Իմ «աննշան», իմ «անարժեք», իմ թեթև Երևանը

Իմ «աննշան», իմ «անարժեք», իմ թեթև Երևանը
Իմ «աննշան», իմ «անարժեք», իմ թեթև Երևանը

Մենք լացեցինք բոլոր քանդված շենքերի համար ու պայքարեցինք բոլոր քանդվողների համար։ Բայց այդ արանքում աննկատ ու անհիշատակ կորան քաղաքի փոքր կարևորության կառույցները, որոնք իրենց աննշանության մեջ կարևոր հիշելիք էին պահում։

Երևանի տոնի առթիվ ես հիշեցի իմ փողոցի հին ձևը, հին կառույցները, իմ ամենահին՝ ոչ երկու հազար ութ հարյուր տարի, այլ յոթ տարեկանից արձանագրած «հաստատությունները», որոնք ամենակարևորն էին, որովհետև…

…Որովհետև երբ ինձ դպրոց տարան, դպրոցս Տերյան փողոցում էր։ Որովհետև ծնողներս աշխատում էին, ես յոթ տարեկանում երբեմն ստիպված էի լինում երկար սպասել նրանց։ Երկարօրյան անտանելի էր, ու ես հաճախ ուսուցչուհուն, որը մի հրաշալի համեստ մարդ էր, խաբում էի, թե ծնողներս եկել են, ու դուրս գալով Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի դպրոցից, ուղղելով միշտ ընկնող գոգնոցիս թևը, քարշ տալով կարմիր գույնի պայուսակս, նախընտրում էի սպասել Տերյան փողոցում, ինչի համար ծնողներս ինձ նախատում էին միշտ, բայց ես, միևնույն է, նրանց սպասում էի Տերյանում։

Տերյան-Սայաթ-Նովայի անկյունում, երբ Տերյանից թեքվում ես ձախ դեպի Սայաթ-Նովա, ա՛յ, հենց անկյունում մի ավտոմատ հեռախոսի խցիկ էր, իսկ խցիկի կողքին՝ հին քիմմաքրման կետ։ Երեք աստիճան բարձրանում էիր, ու փայտե երկու նեղ դուռը բերում էին քիմմաքրում։

Ես ընկերացել էի քիմմաքրման կանանց հետ։ Իսկ հեռախոսի խցիկից ինձ մեկ-մեկ թվում էր՝ ես եմ միայն օգտվում։ Ավտոմատ հեռախոսները միշտ բարձր էին, հավանաբար սովետական երեխան ավտոմատից զանգելու անհրաժեշտություն, ըստ «ուստավի», պետք է չունենար։ Ու ես կանգնում էի ոտքերիս հնարավոր ծայրերի վրա՝ ջարդելով կոշիկի մեջ բութ մատս ու հավաքում սկզբում մայրիկիս հիմնարկի համարը, որը գտնվում էր հեռու-հեռավոր Երրորդ մասի գիտահետազոտական ինստիտուտում՝ 42 82 41:

Այս համարը ես վերջին անգամ հավաքել եմ 1987-ին՝ դպրոցի ավարտական քննությունները հանձնելուց հետո։ Հետո՝ հորս հիմնարկի համարը, որը հենց կողքիս էր՝ լեզվի ինստիտուտը, բայց ես շատ փոքր էի դեռ ու առանց զգուշացնելու հիմնարկ մտնելու համարձակություն չունեի։ Մինչև երրորդ դասարանը այդ երկու հեռախոսահամարներն ու Տերյան փողոցի խաչմերուկի հեռախոսախցիկն իմ 911-ն էր։

Եթե Տերյան-Սայաթ-Նովայի անկյունի ավտոմատ հեռախոսի խցից միանում էի առաջին համարին, ու մայրս ասում էր՝ «գնա ներս, դպրոցում նստի, կես ժամից կհասնեմ»՝ սա էլ հույս էր։ Երբ գործընկերներն ասում էին՝ «մաման դուրս ա եկել՝ գնա դպրոց, հիմա կհասնի»՝ սա արդեն լուրջ հույս էր, բայց երկու դեպքում էլ ես սպասում էի՝ քիմմաքրման աստիճաններին նստած… այդպես ավելի շուտ կտեսնեի նրան։ Երբեմն քայլում էի Տերյան փողոցի մայթով ու երբ հասնում էի դպրոցի սպիտակ մետաղական դարպասին՝ շրջվում էի ու հեռվից տասնյակ նույնատիպ վերարկուների մեջ տեսնում էի նրան՝ բալի գույնի վերարկուով ու կաթնագույն մորթիով մայրիկիս։

Ես նույնիսկ չեմ հիշում՝ ե՛րբ քանդվեց քիմմաքրումը, ո՛նց վերացան աստիճանները, ավտոմատի խցիկս։ Չեմ նկատել։ Բայց բոլորովին ոչ մի ճարտարապետական արժեք չունեցող այս երկու կետը հիմնավոր «որովհետև»-ով իմ Երևանի առաջին կարևորներից էին։ Եթե հին արժեքավոր շենքերը կարելի է գտնել նկարներում՝ Տերյան-Սայաթ-Նովայի անկյունի իմ քիմմաքրման կետը, երեք աստիճաններն ու երկու նեղ դուռը, ավտոմատի խցիկը ոչ մի տեղ չեն հանդիպում։ Հիշում եմ ուղղակի։

Տերյան փողոցի Կրուպսկայայի դպրոցի դիմացի մայթի երկու մեծ մթերայինները։ Դրանք մեր երկար դասամիջոցի պրոմենադի վայրն էին։ Մի խանութը շքեղ էր՝ մարմարյա հատակով, պատերին խաղողի քանդակներով, շատ ճոխ ու շատ փնթի՝ ինչպես բնորոշ էր խորհրդային էությանը։ Այդ խանութից մենք ինչ-որ կոնկրետ բան էինք առնում, թե ինչ՝ չեմ հիշում։

Մյուսը բարեկիրթ մթերային էր, ու գնում էինք հայկական շոկոլադ առնելու։ Երբ ավարտական դասարաններում էինք, խանութում ստանում էին բատոն շոկոլադներ, ու մենք տասնհինգ րոպեում հասցնում էինք անցնել փողոցը, առնել, ուտել ու հետ գալ։ Անկարևոր է, իհարկե, բայց հիշում եմ, որովհետև դա իմ թեթև Երևանն էր։

Այդ խանութներից մի քիչ ներքև՝ դեպի Սայաթ-Նովա, մանկական վարսավիրանոցն էր, որ հետո դարձավ մեծական, իսկ հետո վերացավ։ Այդ վարսավիրանոցի կարմիր, կանաչ ձիուկները մեծ ապակիների հետևից երևում էին, ու ատրակցիոնի ավելի էին նման, քան վարսավիրանոցի։

Տերյան- Սայաթ-Նովայի անկյունում, ուր հիմա բանկի մասնաճյուղ է, մեր ֆոտոն էր։ Լուսանկարիչ Թովմասյանի ֆոտոն։ Այդտեղ ես լուսանկարվել եմ 1977-ի սեպտեմբերի մեկին՝ իմ դպրոցական առաջին օրը։ Հայրս տարավ նկարելու, սանրեց մազերս, ասաց՝ ժպտա, ես չժպտացի, ու Թովմասյանը նկարեց։ Մի հրաշալի նկար, որտեղ հագիս մորական տատիս կարած սև դարսերով կիսաշրջազգեստն ու ժանյակավոր շապիկն է, իսկ կոշիկներս՝ հորական տատիս գտած հունգարական լիմոնագույն կոշիկները։ Իսկ դա համարյա Haute couture էր։

Թովմասյանի ֆոտոարտելում մենք լուսանկարվել ենք տասը տարի՝ մայիսի վերջին, ամեն ուստարվա ավարտին։ Դա բավարար չէ՞ ոչ ճարտարապետական արժեքները հիշելու և ափսոսալու համար։ Թովմասյանի ֆոտոյում կուլիսային մթնոլորտ էր, իսկ ինքը՝ առանց բացառության, միշտ փողկապով ու կոստյումով։ Մի ամիս առաջ մտել էի բանկի հենց այդ մասնաճյուղ գործով, հերթ էր, ու ես զգացի, որ ինձնից անկախ ձգվում եմ, որ տեսնեմ այն խուցը՝ անպատուհան ու անլույս, որտեղ լուսանկարվում էինք, հիմա ինչպիսին է։ Այնտեղ փողկապով տղաներ էին բանկի գործառույթներ իրականացնում, իսկ անվտանգության աշխատակիցը մոտեցավ ու հարցրեց՝ ի՛նչ եմ փնտրում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ասեի Թովմասյանի ֆոտոն եմ փնտրում։

Բացարձակ անկարևոր մի բան, անարժեք շինություն, որտեղ լուսանկարվել են տասը տարվա մեր պատկերները ու ավարտական այլանդակ և սիրելի «վինետկան», որը պարբերաբար հանում ենք, որ տեսնենք՝ ով ինչքան անճոռնի էր դուրս եկել։

Տերյան փողոցով ներքև՝ Խնկո-Ապոր մայթին, կարծեմ հենց այնտեղ, որտեղ հիմա ծաղկի խանութ է, կարի արտել էր։ Երբ մեզ զբաղեցնելու մի բան չէինք գտնում, կանգնում նայում էինք դերձակների աշխատանքը։ Արտելը մեծ պատուհաններ ուներ։ Իսկ երբ մեր դպրոցում հայտնվեց չափազանց երիտասարդ նոր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Փափազյանը, որն ուղղակի իրարանցում առաջացրեց ավարտական դասարանի աղջիկների մեջ իր հմայիչ արտաքինով, արտելը մեզ համար դարձավ միստիկա, որովհետև մի օր պատահաբար հայտնաբերեցինք, որ այդ նույն Փափազյանն աշխատում էր նաև արտելում, բայց դա տեխնիկապես հնարավոր չէր, որովհետև մեր վերջին ժամը ֆիզկուլտուրա էր, իսկ Կրուպսկայայի դպրոցից մինչև Խնկո-Ապոր գրադարանի կողքի արտելը մոտ չորս րոպե էր, ու Փափազյանը չէր կարող հայտնվել այդտեղ ու գլուխը կախ հանգիստ աշխատել։ Վատացել էինք, իսկ մերոնցից մեկը համոզում էր, որ մեկով շատ տարվելու դեպքում հալյուցինացիաներ են լինում, ու երևի մենք վատ ենք։ Պարզեցինք, որ Փափազյանն ուղղակի երկվորյակ եղբայր ուներ։

Տերյանով ներքև, այնտեղ, ուր հիմա նոր շենքերն են, կինո «Պիոներն» էր։ Հին ու հետաքրքիր էր ներսը։ Վերջերս մի տաքսու վարորդ ասաց, որ ինքն այդ շենքում է մեծացել։ Ինձ միշտ հետաքրքրում էր, թե կինոդահլիճի աղմուկը բնակիչներին չէ՞ր խանգարում։ Ասաց՝ լավ ձայնամեկուսացում էր արված։ Իսկ մենք դպրոցից հաճախ էինք մտնում կինո «Պիոներ», մանավանդ տասներորդ դասարանում, երբ երկուշաբթի օրերը դպրոցի փոխարեն գնում էինք ուսումնաարտադրական կոմբինատ կոչվածը, որի դասերը պետք է ավարտվեին ժամը վեցին, բայց ավարտվում էին մեկին, որովհետև գործնական պարապմունքները ինֆորմատիկայի բաժնում պետք է կոմպյուտերներից օգտվելը լիներ, իսկ դրանք խնամքով փաթաթված էին ու չար աչքից հեռու, որ փոշի չնստի, չփչանա, որ հյուրերին ցույց տան։

Եվ մենք, այդպիսով ժամը մեկից հետո մի տարի ուղիղ հայտնվում էինք կինո «Պիոներում»։ Վերջին ֆիլմը, որ նայել ենք «Պիոներում», «Ձմռան գիշերը Գագրայում» սիրուն ֆիլմն էր, որտեղ Եվստիգնեևը սկսնակ դերասանին սովորեցնում է «ստեպ» խփել։ Ու սեանսից հետո, ոգևորված, արդեն ժամը յոթի մոտ, գալիս ենք դպրոց, որ մեր դպրոցի հին մասնաշենքի մարմարյա հատակին փորձենք «ստեպ» խփել։ Այդ օրը հավերժ կմնա Կրուպսկայայի դպրոցի այդ թվականի ավարտական դասարանի աշակերտների հուշերում, քանզի մենք չէինք սպասում, որ տնօրեն Օֆելյա Պետրոսյանը դեռ շենքում է։ Իսկ նրա կոդեքսով՝ ուրախանալը հանցանքների հանցանքն էր։

Ինչպես չափսոսալ ճարտարապետական որևէ արժեք չներկայացնող այս հուշերը, եթե դրանք մեր ամենաթեթև Երևանն էին։

Երևանը աննշան կետերն էին ամենից առաջ, որոնք երբեք չէին տպվում բացիկների ու օրացույցների վրա, բայց նրանք ավելի Երևան էին։ Դրանք Երևանի ամեն օրն էին, օրումեջն էին, հաճախն էին։ Հետո՞ ինչ, որ աննշան էին։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am