«Ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է ուզում և կպարտադրի այդ որոշումը». Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հարցում պետք է գնալ իրավական ճանապարհով, ու եթե պարզապես առանց իրավական հիմքերի փակենք հանքը, նույնկերպ ապօրինի կարող ենք փակել լրատվամիջոցներ ու վերցնել մեզ, բայց դա ճիշտ տարբերակ չէ։ Որքանո՞վ է ճիշտ նման զուգահեռ անցկացնելը։

– Նախ՝ խոսքը ապօրինի ինչ-որ բան անելու մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ օրենքի հնարավորություններն օգտագործվեն ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի։ Մասնավորապես, չպետք է աչք փակել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների վրա և պետք է անվավեր ճանաչվի ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը։ 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներ փակել-չփակելու թեմային, անկեղծ ասած, ես նորից ու նորից ցավ եմ ապրում, որ այս գործընթացի ամեն հաջորդ փուլում վարչապետն ու իր քաղաքական թիմը լծվել են ցանկալին իրականի տեղ մատուցելու, փաստերը ձևափոխելու, մանիպուլացնելու և մանիպուլյատիվ զուգահեռներ անցկացնելու գործին։ 

Դա արվում է մեկ բանի համար, որպեսզի հիմնավորեն, թե ինչո՛ւ են շեղվում ի սկզբանե իրենց հռչակած ձևաչափից, այն է՝ ռիսկերի առկայության դեպքում հանքը չի շահագործվի։ 

– Ինչո՞ւ այսքան ժամանակ, թեև շրջակա միջավայրի նախարարությունը տվել էր իր եզրակացությունը, իշխանությունները չէին շտապում այն հանրությանը ներկայացնել։ Երեկ վերջապես ներկայացվեց եզրակացությունը։ Արդյո՞ք այնտեղ վարչապետի դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում կա։ 

– Ըստ էության այն է, ինչ վարչապետն է ասում։ Այստեղ մեկ այլ դետալ կա. ես մի փոքր մտավարժանք արեցի։ Եզրակացության վերջին պարբերությունում գրված է՝ հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում եմ ձեզ հանձնարարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին անել ստուգումներ։ 

Ես այդ հատվածը մտովի պատկերացրեցի, որ գրված է այսպես՝ հիմք ընդունելով վերոգրյալը, հայտնում եմ, որ ի հայտ են եկել նոր էկոլոգիական գործոններ, որն օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունն անվավեր ճանաչելու հիմք է։ 

Օրինակ՝ եթե Էրիկ Գրիգորյանը վերջին պարբերությունն այդպես ձևակերպած լիներ, այդ եզրակացությունն օրենքից կբխե՞ր, թե՞ չէր բխի։ 

Զարմանալիորեն դա կբխեր օրենքից և կլիներ այդ խնդրի լուծումը։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե արդյոք Էրիկ Գրիգորյանն ի սկզբանե այդ տարբերակով սևագիր թուղթն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ 

Այդ տարբերակը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, արդարադատության նախարարությունն ինչ է ասել այդ կապակցությամբ։ Ի վերջո, երբ օրենքում գրված է՝ «նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոն», ոնց են դա մեկնաբանում մեր կառավարիչները։ Այս հարցերն ինձ հետաքրքիր են։

– Էրիկ Գրիգորյանը, խոսելով նոր ՇՄԱԳ-ի հնարավորության մասին, հայտարարել է, որ նախ պետք է ուժը կորցրած ճանաչել հին ՇՄԱԳ-ը, նոր առաջանա նոր ՇՄԱԳ-ի հնարավորություն։ Նա նշել է, որ օրենքում գրված է՝ «եզրակացությունն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում», բայց գործունեություն է նաև շինարարությունը, և եթե նրանք այնտեղ երկու փոս են փորել, դա նույնպես գործունեություն է։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

– Ես կառաջարկեմ այդ թեմայով էկոլոգիական իրավունքի մասնագետների հետ խորհրդակցել։ Մասնավորապես, իմ խորհրդակցությունը Նազելի Վարդանյանի հետ առնվազն հիմք է տալիս պնդելու, որ Էրիկ Գրիգորյանի ասածը միանշանակ չէ։ 

Կա բավականին հիմնավոր տեսակետ, որ գործունեությունը հանքարդյունահանումն է, և այդ գործունեությունը պետք է սկսված լիներ, ոչ թե շինարարական գործունեությունը։ Հիմա պետք է այդ թեմայով լրագրողները փորձեն կողմերի տեսակետները համադրել։ 

– Այս պայմաններում պայքարի ո՞ր տարբերակն եք ճիշտ համարում՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն ու խորհրդարանը հակված են այն բանին, որ հանքը շահագործվի։

– Մենք վերադառնում ենք մեր հռչակած անկյունաքարային սկզբունքին, որ որոշողը ժողովուրդն է, ժողովուրդն իր իրավունքը դրսևորել է հեղափոխությամբ, այդ իրավունքն անօտարելի է և կօգտագործվի ցանկացած պահի, երբ ժողովրդի շահերը ներկայացնելու լիազորություն ունեցող սուբյեկտները կսկսեն որոշումներ կայացնել այն տեսքով, որ տեսքով ժողովուրդն ուզում է։ Ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է ուզում և կպարտադրի այդ որոշումը։ Իսկ հանրային ծառայություն իրականացնողները կգնան խելոք այդ որոշումն ի կատար ածելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am