Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին և աշխատում է կողմերի՝ միմյանցից լրջորեն տարբերվող մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», – ասել է նա:

Ինչպես նշել է Զախարովան, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։

«Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին», – ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչության ներկայացուցիչը։