«Այդ ի՞նչ դրական ազդակի մասին է խոսքը»․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասին

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը ուսումնասիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության թուրքական արձագանքները։

«Օրինակ՝ թուրքական «Աքշամ» թերթը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և հիշեցրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի օգոստոսի 25-ի հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերջ տալու պարագայում մեր տարածաշրջանում հնարավորությունների նոր պատուհան կբացվի»,-«Մեդիալաբի» հետ զրույցում թուրքական մամուլից դրվագ է ներկայացնում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Էրդողանը նաև ասել էր․ «Թուրքիան երկկողմ և բազմակողմ դիվանագիտական բանակցություններ է վարել` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել։ Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»։

Թուրքիայի նախագահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է օգոստոսի 27-ին կառավարության նիստում՝ հայտարարելով հետևյալը․ «Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակին դրական ազդակով կպատասխանենք»:

Ինքը՝ թուրքագետը, չի կարծում, թե թուրքական կողմից դրական ազդակներ կան։ Ավելին, նրա խոսքով՝ թուրքական կողմը շարունակում է նախապայմաններ թելադրել։

«Այդ ի՞նչ դրական ազդակի մասին է խոսքը։ Ես ինքս որևէ դրական ազդակ չեմ հանդիպել։ Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարը նկատի ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի օգոստոսի 25-ի հայտարարությունը։ Բայց պետք է միշտ նկատի ունենալ, որ Թուրքիայի իշխանությունները հարցը լուծված կհամարեն այն ժամանակ, երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի տարածքային մաս, ինքնիշխան տարածք։ Եվ միայն այդ պարագայում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը»,- ասում է Խուդավերդյանը։

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի իշխանությունը՝ բարձր մակարդակով նման բան հայտարարելով, գուցե կա՞ ցանկություն երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, թուրքագետը արձագանքում է․

«Հայաստանի իշխանությունը հույս ուներ, թե պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ հաղորդակցության ուղիները կբացվեն, հարաբերություններ կհաստատվեն։ Բայց ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի վերջնական արդյունքից դեռևս գոհ չեն, քանզի Ադրբեջանի վերջնական նպատակը ամբողջ Լեռնային Ղարաբաղը գրավելն էր և այն վերջնականապես Ադրբեջանի վերահսկողության տակ վերցնելը։ Հետևաբար որևէ դրական ազդակ ես չեմ տեսնում ու չեմ էլ սպասում»։

Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար նախևառաջ այդ երկրի առաջ քաշած նախապայմանները պետք է բավարարել, իսկ դրանք չեն բխում Հայաստանի շահերից։

«Տեսեք՝ Սերժ Սարգսյանը ժամանակին փորձեց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց չստացվեց, քանզի թուրքական կողմը շարունակեց պնդել իր նախապայմանները։ Այնպես որ կարծում եմ՝ դրական անվանել այդ ազդակը, այն էլ այն պարագայում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, ընդունելի չէ»,- ասում է նա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am