Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Քեթրին Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական համագործակցության խորացմանը միտված հարցեր

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին՝ կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ։