Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին ԲՏԱ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։

«Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը՝ նշելով, որ իրենք բոլորը կմասնակցեն այդ հանդիսավոր միջոցառմանը։

«Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»,- հավելեց վարչապետը։

ԲՏԱ նախարար, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։

«Ես գոհ եմ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում և ինձ հնարավորություն էր տրվել իմ գիտելիքները, իմ փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ Կառավարության իմ գործընկերների վերաբերմունքը իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Այստեղ նստած բոլոր գործընկերներին եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև Կառավարության աշխատակազմին աշխատանքային այս ռեժիմին դիմանալու, այս կարևորագույն որոշումներն ընդունելու համար։ Շնորհակալություն նաև, որ մինչև այսօր էլ հնարավորություն եք տվել  աշխատելու, որովհետև ընտրվելու պահից կարող էի չլինել (որպես նախարար – խմբ․), բայց ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես ուզում էի ինչ-որ աշխատանքներ ավարտել, ոնց որ թե ստացվեց»,- ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Նախագահի կարգավիճակում Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես հաջողություններ են արձանագրելու։

«Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք  նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,- ասաց Խաչատուրյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վարչապետին։

Վարչապետը իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին և նաև հայտնեց, որ «այսօր կամ ամենաուշը վաղը ստիպված են լինելու նրան ազատել ԲՏԱ նախարարի պաշտոնից»։