Վարչապետը ներկայացրեց Կառավարության երկու հիմնական պարտավորությունները

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ընտրողների մեծամասնության առաջ Կառավարությունը ունի երկու պարտավորություն` առաջինը օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելը, երկրորդը`Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման խաղաղ դարաշրջան բացելը:

«Սա է ժողովրդի քվեարկության արդյունքներով ձևավորված կառավարության ստացած մանդատի կարճ նկարագրությունը: Պետք է արձանագրենք, որ Կառավարության ծրագիրը ձևավորվել է հենց այս երկու հիմնական անելիքի համատեքստում:

Մնացած ամեն ինչը, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի առնչվում է այս երկու հիմնաքարերի հետ, և կառավարությունը գործելու է հենց այս տրամաբանությամբ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը նաև ներկայացրեց Կառավարության ծրագրի նախաբանը.

«Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է: Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը՝  որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը»: