Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թեև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը չի ներառել ընթացիկ քննարկման թեմաներում, սակայն պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ իրենց հաջողվել է ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել այդ հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց պատվիրակության անդամների ասուլիսում՝ ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները:
«Հայկական պատվիրակության առաջնահերթությունը նստաշրջանի ընթացքում բնականաբար Արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին, առաջին հերթին՝ ռազմագերիների հարցը: Հայկական պատվիրակությունն առաջարկ էր արել հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա, որը, սակայն, բյուրոյում մերժվեց»,-ասաց Ռուբինյանը:
Բայց Ռուբինյանի խոսքով՝ ի սկզբանե պատվիրակության համար պարզ է եղել՝ քիչ հավանականություն կա, որ այդ թեման կներառվի ընթացիկ քննարկման հարցերի մեջ՝ հաշվի առնելով, որ այլ թեմաներ, մասնավորապես Նավալնիի թեման եվրոպացի պատվիրակների մոտ մեծ առաջնահերթություն է ունեցել: Սակայն հայկական պատվիրակությունն այդ առաջարկն արել է՝ որպես ևս մեկ միջոց՝ խնդիրը բարձրաձայնելու:
«Եվ արդյունքում այդ հարցը քննարկվել է և բյուրոյում, և քաղաքական խմբերում: Արդյունքում երկու քաղաքական խմբերի ղեկավարներ ԵԽ գլխավոր քարտուղարին հարց են ուղղել հայ ռազմագերիների հետ կապված, հետագայում նաև «Թվիթեր»-ում հայտարարություններ են արել՝ պնդելով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն: Մեկ այլ քաղաքական խմբի ղեկավար իր ելույթում է նշել դրա մասին: Հետագայում արդեն նստաշրջանից հետո մեկ այլ քաղաքական խմբի ղեկավար բյուրոյում կրկին բարձրաձայնել է այդ հարցը»,-ասաց պատվիրակության ղեկավարը:
Ռուբինյանը, որպես պատվիրակության ղեկավար, հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, և կրկին քննարկման կիզակետում եղել է ռազմագերիների հարցը: «Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա՝ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում: Եվ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,-ասաց նա:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Ստրասբուրգ չեն մեկնել Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը՝ մասնակցելով հեռավար տարբերակով: