Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին
Մետաքսի ճանապարհ փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի  ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:  Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը:

«Մեր փոքրիկ Նոյյան տապանը կապել են խորտակվող «Տիտանիկին»: Ռուս-թյուրքական այդ արհեստածին միավորումը հակադրված է աշխարհին: Չակերտավոր վերնախավ կոչվածը ոչ միայն չի զգում ժամանակի ընթացքը, այլեւ լծվել է անցյալի՝ խորհրդային վերջին տարիների ամենակոռումպացված եւ ցինիկ ժամանակների վերականգնմանը՝ ի դեմս հովանավոր Վլադիմիր Պուտինի»,-ասում է Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորի խոսքով, Հայաստանը դեռ Բաբելոնի ժամանակներից սկսած զարգանում էր աշխարհի հետ մեկտեղ ու մի քայլ առաջ, բայց սեպտեմբերի երեքի ընտրությունը, որը վարչախումբը  կատարեց, Հայաստանը դրեց փակուղու մեջ:

Հիշեցնենք, անցած տարվա սեպտեմբերի 3-ին շատերի համար անսպասելի, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային Միությանն անդամակցելու մասին: Մինչեւ Հայաստանի իշխանությունը ընթանում է  Մաքսային Միության ճանապարհով, «Արևելյան գործընկերության» ծրագրի երեք անդամ երկրները՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրեցին Եվրոպական միության  հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերը:

Մաքսային Միության գաղափարը, Տիգրան Խզմալյանի  խոսքով, հիմնված է գիտնական Գումիլյովի մշակած «Մեծ  Թուրանի»  գաղափարի վրա, որը փորձում են իրականացնել ռուս քաղաքագետներն ու  պուտինյան վարչակարգը:

«Եթե Ղազախստանն ու Ղրղզստանը կազմում են այդ միության առանցքը, Թուրքիան ու Ադրբեջանը շատ արագ կկողմնորոշվեն եւ ինչպես 20-աններին, հերթական անգամ կխաբեն ռուսներին` Հայաստանի հաշվին»,-ասում է Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ նշված երեք երկրների կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման օրը Հայաստանի համար կորցրած հնարավորությունների եւ ողբերգական օր է:

Նշենք, որ ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսեց  2010 թվականի հուլիսին: Գործընթացի նպատակն էր փոխարինել Համագործակցության և գործընկերության համաձայնագիրը հարաբերությունների ավելի ընդլայնված շրջանակով: Այս համաձայնագրի առևտրին առնչվող հատվածի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները  Հայաստանը հաջողությամբ ավարտել էր: Բանակցությունների յոթ փուլերի արդյունքում, 2013 թվականի հուլիսի 24-ին ձեռք բերվեց վերջանական համաձայնություն: Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը պատրաստվում ԵՄ հետ նախաստորագրել ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, սակայն Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը Հայաստանի` Մաքսային միություն մտնելու «պատրաստակամության» մասին խառնեց բոլոր խաղաքարտերը:

Սակայն, ի տարբերություն Խզմալյանի, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը չի կարծում, որ Հայաստանը կշահեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո: Ըստ նրա, համաձայնագիրը ստորագրած երկրները նույնպես չեն շահի դրանից:

 «Կշահեն արդյոք Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլոդովան, շատ լավ կարող ենք տեսնել Բուլղարիայի ու Հունաստանի օրինակի վրա: Դա նրանց որեւէ բան չտվեց: Բնականաբար, քաղաքակիրթ, ինտելիգենտ Եվրոպան ունի իր շահերը, իր համար սպառման շուկա է փնտրում եւ ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան , նրան պետք չեն: Այստեղ աշխարհաքաղաքական խաղեր են: Մենք ուղղակի մեզ հասցրել ենք այնպիսի իրավիճակի, որ  այլ ընտրություն չունենք: Կոմպլիմենտարիզմը բերեց նրան, որ մենք ուղղակի հեղինակազրկվեցինք, ինչը շատ լավ դրսեւորվեց Աստանայում»,-«Մեդիալաբին» ասում է կինոռեժիսորը՝  նկատի ունենալող Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը ՄՄ պետք է անդամակցի առանց Ղարաբաղի:

Էդգար Բաղդասարյանի խոսքով, այն,  որ աշխարհում խաղացողները քիչ են, իսկ երկրների 90 տոկոսը գործոն չէ, դա հայտնի է, բայց այլ բան է գործոն չլինել եւ այլ բան՝ չհարգվել: Հայաստանը նրա խոսքով, պարզապես չի հարգվում անգամ իր դաշնակիցներ կողմից: Այս պայմաններում, ըստ նրա, որ ճանապարհն էլ , որ ընտրեր Հայաստանը՝ ՄՄ, թե ԵՄ,  միեւնույնն է , շահելու բան չէր ունենա: 

«Երկու դեպքում էլ մենք կորցնելու էինք, երկու տարբերակում էլ կան ինչ-որ հիպոթետիկ ձեռքբերումներ, որ կառավարությունը կասեր, այ սա մենք շահեցինք, բայց միեւնույնն է, երկու տարբերակում էլ Հայաստանը պետք է շատ լուրջ զիջումների գնար: Մենք ինքներս մեզ դրեցինք այն վիճակում, որ մեր յուրաքանչյուր քայլը տանում է պարտության: Սա մեր արտաքին քաղաքականության ֆիասկոն է, այս կառավարության, այս իշխանության «բեզդառնոստի» հետեւանք, որովհետեւ մարդիկ , որոնք ԺԵԿ-ի պետի մակարդակ ունեն, երկիր են ղեկավարում»,-ասում է Էդգար Բաղդասարյանը:

Կինոռեժիսորը համոզված է՝ Հայաստանի այսպես ասած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեց ընտրություն  չունենալու փաստի առաջ եւ ով էլ լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն, ըստ նրա, այլ ելք , պարզապես չէր ունենալու: 

«Ինչ պիտի աներ, մենք գտնվում ենք պատերազմի մեջ, Վրաստանը եւ անգամ Ուկրաինան, որքան էլ տարօրինակ չհնչի, պատերազմի մեջ չեն, որովհետեւ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է: Դա շատ հեշտ կարելի է հաղթահարել մի ժամում, ուղղակի ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկային, իսկ մենք այլ կարգավիճակում ենք, իսկ թե ինչու ենք հայտնվել այդ կարգավիճակում, դա ուղղակի հետեւանքն է»,-«Մեդիալաբին» ասում է Էդգար Բաղդասարյանը:

Տիգրան Խզմալյանը , սակայն, կարծում է, որ ՄՄ ընտրելով , Հայաստանը մեծ հնարավորություն կորցրեց եւ որ ամենակարեւորն է՝ «հետ մնաց տարածաշրջանային զարգացումներից» :

Նրա խոսքով,  Իրանը ազատվում է Արեւմուտքի պատժամիջոցներից եւ հաշված ամիսների ընթացքում քառապատկելու է իր ֆինանսական հնարավորությունները գազի եւ նավթի վաճառքով: Այս ամենի արդյունքներից, ըստ նրա, կարող էր օգտվել նաեւ Հայաստանը:

«Իրանը շարունակ մշակում էր իր քայլը եւ պատահական չէ, որ տարեսկզբին Հայաստանում իրանի դեսպանը նախ ակնարկով, ապա ուղիղ տեքստով ասաց, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ապահովել 4 անգամ ավելի էժան գազով: Նավթը եւ գազը Իրանը ցանկանում է վաճառել Եվրոպային հենց Հայաստանի եւ Վրաստանի միջոցով: Հայստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա եւ հետո՝ Եվրոպա, ահա այն ճանապարհը, որով Իրանը եւ աշխարհը նորից  կապվում են»,-ասում է Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ փաստորեն , տարածաշրջանոււմ սեղծվելու է նոր Մետաքսի ճանապարհ, որից Հայաստանը արհեստականորեն դուրս է մնում:

Այս հնարավորությունը, ըստ Խզմալյանի մեր երկրի զարգացման համար ամրապնդելու էր մեր երկրի տնտեսական անվտանգությունը եւ Հայաստանը դարձնելու էր ոչ թե ֆորպոստ, այլ կամուրջ:

«Սրանից սեպտեմբերի 3-ինհրաժարվեց Սերժ Սարգսյանը,-ասում էՏիգրան Խզմալյանըեւ դրա պտուղները մենք քաղեցինք, երբ մեր տեղը թափուր մնացեվրաասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ»:

Էմմա Քալաշյան

© Medialab.am