Ուորլիքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը` Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է. Վերլուծաբաններ

Ուորլիքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը` Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է. Վերլուծաբաններ
Ուորլիքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը` Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է. Վերլուծաբաններ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի ստատուս քվոյի վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է: 

Այս կարծիքին է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ով նշում է, որ ԼՂՀ կահամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ ունեն իրենց շահերը:

«Երբ Հայաստանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարեցին Մաքսային միությանը միանալու ցանկության մասին՝ դա պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդրով, ես այն ժամանակ ասացի՝ դա սխալ մեսիջ է: Ստացվում է, որ եթե մեզ ճնշում են, մենք տեղի ենք տալիս: Հետևաբար, սա նշանակում է, որ ուրիշները պետք է սկսեն ճնշել մեզ՝ կորզելու նման զիջումներ: Հիմա այդ գործընթացի մեջ ենք մենք»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը «Թվիթեր»-ում կատարել էր հերթական գրառումը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում: Նա գրել էր, որ մեկնում է Վաշինգտոնից՝ հանդիպելու Մինսկի խմբի մյուս համանախագահներին և քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը:

Արա Պապյանը նշում է, որ Ռուսաստանը մեզ ճնշեց, զիջումների գնացինք, հիմա, բնականաբար, հերթով պետք է ճնշեն, որպեսզի ամեն կողմ իր ցանկացածը ստանա: Հարցին, թե այս պարագայում Ղարաբաղի հարցում ի՞նչ վտանգներ կան, Արա Պապյանը պատասխանեց.

«Ռեալ վտանգներ՝ ուղղակի ռազմական վտանգներ, ես չեմ տեսնում, որովհետև նման հայտարարությամբ դա պայմանավորված չէ: Բայց վտանգներ կան այն առումով, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ են հայտնվում մեկուսացման մեջ»,- ասաց նա:

Իսկ դա, Արա Պապյանի խոսքով, իր լրջագույն հետևանքներն ունի՝ քաղաքական, տնտեսական: Նրա խոսքով՝ պետությունը միայն բանակն ու ռազմական ուժը չէ, պետությունն առաջին հերթին տնտեսությունն է: Այդ առումով, նրա խոսքով, վտանգներ կան:

Պապյանը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Արևմուտքը կրճատել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը: Իսկ Ռուսաստանը չի կարող փոխարինել դրան, քանի որ չունի այդ ռեսուրսներն ու ընդհնարապես նման ցանկություն:
Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նկատում է, որ Հայաստանի՝ աննախադեսպ թուլացման պայմաններում պայքար է գնում Ադրբեջանի համար:

«Ըստ էության, Հայաստանն արդեն որպես գործոն գոյություն չունի, և հիմնական գործոնը համարվում է Ադրբեջանը: Այս պայմաններում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կատաղի պայքար է գնում Ադրբեջանի համար, թե ով ավելի շատ կսիրաշահի այդ երկրին: Սա է խնդիրը»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Նա նշում է, որ հակամարտության լուծմամբ զբաղվող կողմերը փորձում են, շրջանցելով Մադրիդյան սկզբունքների որոշ կետեր, լրացուցիչ դիվիդենտներ փոխանցել Ադրբեջանին՝ այդ երկրին սիրաշահելու համար:

«Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ քանի որ և ռուսները, և ամերիկացիները նույն բանն են ուզում անել, ադրբեջանցիները գիտակցելով դա՝ փորձում են ներքին մրցակցություն առաջացնել ռուսների և ամերիացիների միջև: Դրա նպատակն այն է, որ վերջում որևէ մեկին որևէ դիվիդենտ չտալով՝ Ադրբեջանը փորձի փոխել Մադրիդյան սկզբունքների փիլիսոփայությունը»,- նշում է վերլուծաբանը:

Այստեղ, Երվանդ Բոզոյանի խոսքով, վտանգը կայանում է նրանում, որ կարող է գալ մի պահ, երբ ռուսներն ու ամերիկացիները, անկախ իրենց ցանկությունից, համաձայնեն դրան, ինչը Հայաստանի համար բավական վտանգավոր կլինի:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ վերջին շրջանում պարբերաբար ոչ հայանպաստ հայտարարություններ է անում:

Նա վերջերս առաջարկել էր հիմնախնդրի լուծաման վեց կետեր, որոնցից մեկը հետևյալն էր՝ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:

Ավելի վաղ, Ուորլիքը դարձյալ հայտարարել էր, թե. «Ստատուս-քվոն անընդունելի է և օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, քանի որ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներն օկուպացված են և պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Սա խաղաղության համապարփակ համաձայնագրի տարրերից մեկն է»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am