84-ամյա կինը դատարանին առաջարկեց իրեն բռնաբարած 27-ամյա երիտասարդին վառել

84-ամյա կինը դատարանին առաջարկեց իրեն բռնաբարած 27-ամյա երիտասարդին վառել
84-ամյա կինը դատարանին առաջարկեց իրեն բռնաբարած 27-ամյա երիտասարդին վառել

Օգոստոսի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը ( դատավոր` Զոյա Զաքինյան) Լոռու Լեջան գյուղում 1985թ ծնված, Տավուշի Կողբ գյուղում ժամանակավորապես բնակված Արեն Սարուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի: Գործով մեղադրող ՍպարտակԱնտոնյանն իր մեղադրական ճառում պահանջեց Սարուխանյանին դատապարտել 6 տարի 8 ամիս ազատազրկման: Ա. Սարուխանյանը ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2011թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի բնակչուհի, 1928թ. ծնված Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկ, միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, նրա դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել է նրան:

Ա. Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաքում նման հանցանք, ամուսնացած հարեւանուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա համաներումով 2011թ. մայիսի 31-ին ազատվել է պատժի հետագա կրումից: Արփենիկ Անանյանի բռնաբարության համար Ա. Սարուխանյանը 2012թ. հունվարի 26-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) դատապարտվել էր 5 տարի 5 ամիս ազատազրկման: Այդ ժամանակ հանրային պաշտպանի փաստաբանի ծառայություններից օգտված Ա. Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել եւ եւ միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Հետագայում նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել, թե իբր պաշտպանը իրեն չի բացատրել արագացված դատավարության կարգը, ինքը բռնաբարության գործով մեղավոր չէ: Նրա վերաքննիչ բողոքը բավարարվել էր, նշանակվել էր նոր դատաքննություն:

Օգոստոսի 1-ի դատաքննության ընթացքում եւս Արեն Սարուխանյանին տրամադրվել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան: Սարուխանյանը դատավարությանն ընթացքում իրեն բռնաբարության մեջ մեղավոր չճանաչեց: Սկզբից նա հայտարարեց, որ ինքն այդ օրն ընդհանրապես Կողբում չի եղել, հարեւանի աղջկա եւ թոռի հետեւից, տաքսիով մեկնել է հարեւան Բերդավան գյուղ, հետո ասաց, որ երեկոյան տանն է եղել, գիշերը բջջային հեռախոսի միջոցով ինտերնետ կապի մեջ եղել իր ընկերուհու հետ: Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն ամբաստանյալին հիշեցրեց, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրած իր բողոք –նամակներում Արեն Սարուխանյանը հայտնել է , որ ինքը գողության նպատակով մտել է Արփենիկ Անանյանի տուն: Այս հիշեցումից հետո Սարուխանյանն ընդունեց, որ գիշերով մտել է Արփենիկ Անանյանի տուն, սակայն` ոչ բռնաբարության համար, : Նա փորձում էր համոզել,որ ծեր կնոջ տանն փող չի գտել, ինքը պառավ կնոջը չի նկատել, սակայն Ա. Անանյանն իրեն տեսել է: Արեն Սարուխանյանի մեղքը ապացուցվել է գործով նշանակված դատաբժշկական եւ այլ փորձաքննություններով, վկաների ցուցմունքներով, ուրիշ ապացույցներով: Մշտական աշխատանք չունեցող, վարձու աշխատանքներ կատարող Արենը բռնաբարության դեպքից մի քանի օր առաջ 3000 դրամ վարձավճարով մանրացրել էր Արփենիկ Անանյանի վառելափայտը: Ծեր կինը Արենի հագած սվիտերը շոշափելուց, գիշերվա լռության մեջ հնչած նրա ձայնից ճանաչել էր իրեն բռնաբարողին:Կարդալ ավելին