«ԿԲ-ն եւ կառավարությունը չեն վերահսկում իրավիճակը». Ըստ Հայկ Գեւորգյանի, «որեւէ լավ բան սպասել պետք չէ»

«ԿԲ-ն եւ կառավարությունը չեն վերահսկում իրավիճակը». Ըստ Հայկ Գեւորգյանի, «որեւէ լավ բան սպասել պետք չէ»
«ԿԲ-ն եւ կառավարությունը չեն վերահսկում իրավիճակը». Ըստ Հայկ Գեւորգյանի, «որեւէ լավ բան սպասել պետք չէ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսական մեկնաբան, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը:

-Պարոն Գեւորգյան, խանութներում արդեն թանկացումներ են, բանկերը դոլար չեն վաճառում, իսկ դրամը շարունակում է արժեզրկվել: Ի ՞նչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ:

-Մենք «ըմբոշխնում ենք» մեր տնտեսության որակական իմաստով համակարգային խորը ճգնաժամը, որը ակնհայտ է դառնում միայն նման պայմաններում: Խոսքն այն մասին է, որ մեր տնտեսությունը հիմնված է ներկրումների վրա եւ դրամի արժեզրկումը անմիջապես եւ ուղղակիորեն բերում է գների բարձրացման: Դրամը իր հերթին արժեզրկվում է այն պատճառով, որ Հայաստանը նաեւ տրանսֆերտներով ապրող երկիր է: Արտասահմանում ապրող կամ ժամանակավորապես աշխատելու մեկնած մեր հայրենակիցները տարվա կտրվածքով բոլորով միասին ավելի շատ գումար են ուղարկում իրենց հայաստանում մնացած հարազատներին, քան մեր պետական բյուջեն է: Եւ այդ տրանսֆերտների նույնիսկ չնչին կրճատումը հանգեցնում է արտարժույթի դեֆիցիտի, ինչի հետեւանքով դրամը շատ արագ արձագանքում է դրան ու արժեզրկվում: Ինչ վերաբերում է նրան, որ բանկերը դոլար չեն վաճառում, սա արդեն ՀՀ կենտրոնական բանկի ուղղակի մեղքն է, որը բանկերի նկատմամբ ճնշում գործադրելով եւ դոլարի շրջանառությունը արհեստականորեն նվազեցնելով փորձում է դրամի կայության կեղծ պատրանք ստեղծել: Սա ավելի է խորացնում խուճապային տրամադրությունները գործարար եւ ֆինանսական միջավայրում եւ նպաստում դրամի էլ ավելի արժեզրկմանը:    

-Կառավարությունը պնդում է, որ դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ, որ տատանումները  սպեկուլյատիվ բնույթ են կրում: Եթե այդպես է, ո՞վ է շահում այս վայրիվերումներից:

-Նախ արտարժույթի շուկայում գործող սուբյեկտներին սպեկուլյանտների եւ ոչ սպեկուլյանտների բաժանելը  անշնորհակալ գործ է: Ես կառաջարկեի, որ դրամի արժեզրկումը «սպեկուլյանտների»  հետ կապողները հստակ սահմանեին, թե դա ինչ է նշանակում եւ ովքեր են այդ «սպեկուլյանտները»: Նման ձեւակերպումներ շրջանառության մեջ մտցնելը ցույց է տալիս, որ ԿԲ-ն եւ կառավարությունը ուղղակի չեն վերահսկում իրավիճակը:  

-Ի՞նչ եք կարծում, գնաճը մինչեւ ո՞ւր կհասնի: Կառավարությունը պնդում է, որ այն այս պահի դրությամբ 1.5 տոկոս է եւ շարունակվելու դեպքում չի գերազանցի կանխատեսված 4 տոկոսի շեմը:

-Նման կանխատեսումներ ոչ ոք չի կարող անել, սակայն պետք է նկատել, որ ցածր գնաճը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: 2009 թվականին, երբ Հայաստանը խորը տնտեսական ճգնաժամի մեջ էր, գնաճը 3.4 տոկոս էր ընդամենը: 

 -Ինչպիսի՞ն կլինի հերթական գնաճի այսպես ասած` պրակտիկ ազդեցությունը: Արդյո՞ք այն կնպաստի արտագաղթի ծավալների մեծացմանը:

-Քանի որ Հայաստանից արտագաղթը ուղղված է հիմնականում դեպի Ռուսաստան, ապա կարելի է կանխատեսել, որ կարճաժամկետ հեռանկարում արտագաղթի ցուցանիշները կարող են նույնիսկ նվազել: Սակայն երկարատեւ հեռանկարում արտագաղթը ավելի մեծ թափ կստանա: Նախ, ավելի շատ մարդ հիմնականում երիտասարդներ, կձգտի մեկնել արեւմտյան երկրներ` Եվրոպա, ԱՄՆ: Բացի այդ Արեւմուտք -Ռուսաստան հակամարտության կարգավորումից  հետո Ռուսաստանը շնորհիվ իր բնական ռեսուրսների հավանաբար ավելի շուտ կվերականգնի իր տնտեսությունը, քան Հայաստանը: Այդ պարագայում արտագաղթը դեպի Ռուսաստան կրկին մեծ մաշտաբներ կստանա: 

-Օրերս Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոխարժեքի տատանումները տարածաշրջանի տնտեսական զարգացումների հետեւանք են: Այս ամենը կապ ունի՞ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների  հետ:

-Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ Հայաստան մտնող տրանսֆերտների մոտ 85 տոկոսը գալիս է ՌԴ-ից: Իսկ ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նախ նավթի գների կտրուկ նվազմամբ եւ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի իրականացրած պատժամիջոցներով: Սակայն, եթե մեր տնտեսությունն այդքան կախված չլիներ ներկրումներից եւ մասնավոր տրանսֆերտներից, ապա ռուսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա շատ ավելի փոքր կլիներ:

-Կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն իսկ  ԵՏՄ անդամակցության դառը պտուղները զգում է:

-ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով Հայաստանը էլ ավելի կսերտաճի Ռուսաստանի  տնտեսությանը եւ էլ ավելի կախված կլինի ՌԴ-ի տնտեսական իրավիճակից: Իսկ ՌԴ տնտեսությունը ինչպես համոզվեցինք, այնքան խոցելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ սկսած պատժամիջոցները արդեն կոլապսի են հասցրել այդ տնտեսությանը: Այս առումով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից որեւէ լավ բան սպասել պետք չէ: Բայց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շատ ավելի դառը հետեւանքներ է ունենալու երկարատեւ հեռանկարում: Բայց սա ավելի խորը վերլուծության կարոտ խնդիր է, որը խոսակցության այլ թեմա է:

Լուսանկարը`1in.am

Էմմա Քալաշյան

© Medialab.am