Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մինչև 95 տոկոսով կբարձրանան աշխատավարձերը. Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատեցինք պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը:

Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով՝, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։

Արդյուքնում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ:

Կարևոր եմ համարում նշել, որ օրերս ՀԱՊՀ գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար:

Ինչպես նաև հաստատվել է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ:

Փոխկապակցված որոշումների այս շղթան գիտության զարգացման, առաջմղման, միջազգայնացման և բուհի վարկանշավորման հայտնի համակարգերում հասանելիության և տեսանելիության բարձրացման հայեցակարգային ամբողջություն է»: