«Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել որոշ իրավապաշտպաններով». Գաբրիել Բալայան

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ բանակի խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպանների գործունեությանը:

«Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք:

Փորձում են գնալ, տեղում հրահրել հարզատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,- նշեց նա: Ըստ Բալայանի՝ ոմանք ակնհայտ սուտ տեղեկություներ են սկսել տարածել բանակի մասին, այդ թվում՝ փաստաբանի լիցենզիայով չակերտավոր իավապաշտպանները»,- ասաց Բալայանը:

«Ես ձեր աջացկությունն եմ ակնկալում, հարց տվեք այդ իրավապաշտպաններին՝ ինչի՞ եք էդքան հրճվում, երբ մահվան դեպք է արձանագրվում: Ես անուններ չեմ տա, շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը»,- նշեց նա:

Բանակում արձանագարված մահվան վերջին դեպքերով, ըստ փոխնախարարի, այդ իրավապաշտպանները մի քանի տուն գնացել են, զանգահարել են հարզատներին, ասել են՝ գալիս ենք, ձեր կողքին ենք, փորձում են ֆինանսական միջոցներից խոսել: «Այն իրավապահ մարմինը, որի գործառույթն է դա, կզբաղվի, կպարզի՝ ով է ֆինանսավորում, ինչի համար է ֆինանսավորում նրանց: Ես ենթադրում եմ, որ նրանք փող են ստանում ամեն դեպքով զբաղվելու համար»,- ընդգծեց Բալայանը: