Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ շփումները՝ ՀԱՊԿ-ի առնչությամբ Փաշինյանի հայտարարությունը պարզաբանելու համար

Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ՝ պարզաբանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի մոտ «դեռ չի  հայտնվել» Հայաստանի դիրքորոշման ըմբռնում։

«Եթե հաշվի առնենք համապատասխան փաստաթղթերի տեքստը, ապա նման ռեժիմ պարզապես դե յուրե գոյություն չունի, – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ – Մենք բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կշփվենք, դա կպարզաբանենք»։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։