«Այս անգամ վերջնականապես պատժելու ենք Ադրբեջանին, ու սրանք լոկ բառեր չեն, դուք կտեսնեք Ալիևի վերջը». Ռուդիկ Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Պարո՛ն Հյուսնունց, նախ՝ ինչպե՞ս եք ձեզ զգում Ադրբեջանի կողմից երեկվա կեղծ տեղեկատվությունից հետո, թե իբր զոհվել եք։

– Հզոր եմ, այս անգամ վերջնականապես պատժելու ենք Ադրբեջանին, ու սրանք լոկ բառեր չեն, ու դուք կտեսնեք Ալիևի վերջը։ 

– Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Արցախում։

– Իրավիճակը կայուն է, մարտեր են գնում սահմանի որոշ հատվածներում, բայց ըստ էության այն ուժգնությունը չկա, կոտրել ենք։ Միջդիրքային մարտեր են ընթանում։

Նրանք որ ռմբահարում էին Ստեփանակերտը, հիմա հասկացան, որ իրենց գյանջաներում, միրբաշիրներում, թերթերներում ավելի շատ զոհ ունեն, ավերումներ ունեն։ Ցավեցրել ենք, հիմա հասկացել են ու Ստեփանակերտին չեն խփում։ Արդեն 3 օր է՝ որևէ արկ Ստեփանակերտի վրա չի ընկել։ 

– Կարելի՞ է ասել, որ նրանք այլևս խաղաղ բնակավայրերը չեն թիրախավորում։ 

– Նրանց ցավեցնելուց հետո իրենք հասկացել են, որ չի կարելի ցավեցնել։ Նրանք միայն ուժի լեզուն են հասկանում, պատժիչ գործողություններն են հասկանում։ 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հակառակորդը փորձել ձեզ հետ կապված ապատեղեկատվություն տարածել։

– Երբ մեր մասնագետները թագմանեցին նրանց թուրքալեզու գրածը, հասկանալի էր, որ ուզում էին այնտեղ խուճապ առաջացնել, որ տեսեք՝ մարդը դրսից եկել է, մենք արբանյակային կապերով հնարավորություն ունենք պարզելու նույնիսկ դեմքերը, գտնենք այդ մարդկանց գտնվելու վայրերը և ոչնչացնենք ԱԹՍ-ներով, որ տեսեք՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է, բայց նա Իսպանիայից եկած մեր ընկերն էր՝ Արթուրը Բարսեղյան, որ եկել էր պայքարելու ու զոհվեց։

Նրանք այդ նկարը նմանեցրել են ինձ և ասել, որ նախագահի գլխավոր խորհրդականն է, ու տարածել են այդ ապատեղեկատվությունը։

Նպատակը տեղեկատվական դաշտում խուճապ առաջացնելն էր, բայց երբ ինձ այդ մասին հարցրեցին, ես մի բառով եմ պատասխանել ու հիմա էլ նույնն եմ ասում՝ մենք հաղթելու ենք։ 

– Իսկ ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը Արցախում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ։ Այս օրերին այդ խոսակցություններն ակտիվացել են։

– Ես չգիտեմ, թե պրոցեսներն ինչպես են զարգանալու։ Այսօր աշխարհաքաղաքական լուրջ բախում է, և թատերաբեմն Արցախն է։

Ես չգիտեմ, թե մեզ ի՛նչ լուծումներ են առաջարկելու միջազգային հանրությունը, քաղաքակիրթ աշխարհն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Այն ձևաչափերը, որոնցով նրանք փորձում են տարածաշրջանում խաղաղություն հաստատել, այդ ուժերը պետք է առաջարկություններով հանդես գան, մենք դրանք քննարկենք, հետո մեր համաձայնությունը տանք կամ չտանք, մեր որոշումները կայացնենք։

– Նախօրեին Լավրովը հայտարարեց, որ սեղանին նույն առաջարկներն են, ըստ որի պետք է նախ 5 շրջան զիջել, հետո՝ ևս երկուսը, և դրանից հետո միայն պետք է քննարկվի Արցախի կարգավիճակի հարցը։ Ձեզ համար սա անընդունելի՞ է։

– Մենք բացառում ենք նմանատիպ ձևաչափերը, որովհետև Ադրբեջանում որևէ փոխզիջման տարբերակ չեն ընդունում, որևէ բանական առաջարկ չեն անում, միայն ասում են, թող Հայաստանը զորքը հանի։

Բայց մենք ունենք Բիշքեկյան պայմանագիրը, ըստ որի Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը։

Ադրբեջանն այս բոլորն արհամարհելով ասում է կապիտուլյացիա, իսկ մենք ցույց կտանք իրենց, թե ինչ է կապիտուլյացիան։ Այս պարագայում որևէ ձևաչափ չի գործելու, մենք ցույց ենք տալու, որ արցախցիները չեն պարտվել որևէ մեկին՝ Լենթեմուրից մինչև այսօր։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am