«Մենք կարող ենք անել փոքր գործեր՝ մեծ սիրով». Տուն, որտեղ ապրում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ

Հայաստանում շարունակում է սուր մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների հարցը։ Ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, այստեղ ևս, նրանցից շատերի համար հոգեբուժարանները կամ խնամքի հաստատությունները դառնում են վերջին հանգրվան։

Մինչդեռ աշխարհում արդեն վաղուց գործարկվում են մի շարք մոդելներ, որոնք, փոխարինելով փակ հաստատություններին, չեն սահմանափակում մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ Փոքր խմբային տունը այդ մոդելներից միայն մեկն է։

Խմբային տները Հայաստանում հայտնվեցին միայն 2000–ականների վերջին։ Այս պահին չափահաս մարդկանց համար նախատեսված 4 նման հաստատություն կա։ Դրանցից մեկը Սպիտակի խնամքի տունն է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ովքե՞ր են այստեղ ապրում։

Տունը

«Մեզանից ոչ բոլորը կարող են մեծ գործեր անել, բայց մենք կարող ենք անել փոքր գործեր՝ մեծ սիրով», – գրված է թղթի վրա, որ փակցված է տան նախասրահի դռան վերևում։ Առաջին բաց դուռը տանում է դեպի համակարգչային սենյակ։ Նախասրահում Վիսոցկի է հնչում։

Պատերին՝ իրար կիպ կպած գոբելեններ ու գեղանկարներ են կախված․ բոլորը բնակիչների ձեռքի աշխատանքն են։ Քիչ այն կողմ հանգստի սենյակն է՝ հեռուստացույցով և գրապահարաններով։ Գրքերի ու ամսագրերի անսովոր մաշվածությունը հուշում է՝ այստեղ գիրք շատ են կարդում։

Սպիտակի խմբային տանը։

Սպիտակի խնամքի տանն այսօր ապրում է 18 մարդ։ Նրանց մեծ մասը բարձրագույն կրթություն ունի՝ կիրառական մաթեմատիկա, արևելագիտություն, ինժեներիա, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ մասնագիտությամբ։ Իրարից այսքան տարբեր այս մարդկանց մեկ հարկի տակ հավաքել է ընդհանուր ախտորոշումը՝ շիզոֆրենիա։

Առաջին 9 բնակիչները Սպիտակի խնամքի տանը հայտնվեցին 2016 թվականին՝ բոլորն էլ հոգեբուժարաններից։ Նրանց այստեղ փրկված են համարում։ Մյուսները եկել են ընտանիքներից։

«Մեր բնակիչների հետ ժամերով էլ խոսեք, չեք պատկերացնի, որ նրանք ինչ–որ խնդիրներ ունեն։ Կիրթ, բարի մարդիկ են։ Մեր դռները երբեք չեն փակվում։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ, երբ կամենում է, և վերադառնալ։ Երբեք չի եղել դեպք, որ գնան ու հետ չվերադառնան։ Միայն խնդրում եմ, որ գնալուց առաջ անպայման տեղեկացնեն ինձ, որ չանհանգստանանք, ինչպես անում են բոլոր ընտանիքներում։

Այս ընթացքում ես 4 աշխատակցի ազատել եմ աշխատանքից՝ մեր բնակիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ժամանակ առ ժամանակ մենք անանուն գնահատում ենք անում, որի միջոցով բնակիչները կարող են իրենց կարծիքը հայտնել աշխատակիցների վերաբերյալ։ Այս տանն ապրող յուրաքանչյուր մարդ արժանապատիվ կյանքի իրավունք ունի։ Նրանց շատերն են խաբել։ Բայց հիմա իրենք գիտեն՝ այստեղ իրենց ոչ ոք չի խաբելու», – ասում է Սպիտակի խնամքի տան տնօրեն Բավական Պետրոսյանը։

Խմբային տներում՝ ի տարբերություն հոգեբուժարանների, որտեղ պահվում է 300-500 մարդ, բնակվում են 15-20 հոգով։ Բնակիչները ներգրավվում են տան կենցաղային գործերում՝ մաքրություն, խոհանոց, բակային գործեր։

Խնամվողները կարող են ինչ-որ աշխատել և տնօրինել իրենց աշխատավարձը։ Յուրաքանչյուրն իր սենյակն ու անձնական իրերն ունի։ Հայաստանում գործող 4 տներում, ընդհանուր առմամբ, այսօր խնամք է ստանում 48 մարդ։ Եվ չնայած բոլոր առավելություններին, պետք է հիշել, որ խմբային տները ոչ թե ընտանիքի, այլ՝ հաստատության այլընտրանք են։

Տան բնակիչները քաղաքային ոչ մի միջոցառում բաց չեն թողնում, մարզվում են, գնում եկեղեցի կամ լճափ։ Հենց տանը արտթերապիայի և պարի դասաժամեր ունեն։ Նրանց ազատությունը որոշակիորեն սահմանափակվել է միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով, բայց անգամ այս օրերին զբաղմունք գտնում են։

Սպիտակի տան բնակիչները։

Խնամքի տան ֆինանսավորումը 40 %-ով ապահովում է պետությունը․ դա բավականացնում է միայն 14 աշխատակիցների նվազագույն աշխատավարձը վճարելուն։ Ֆինանսական միջոցների մյուս մասը գոյանում է բարերարների նվիրատվություններից և տանը խնամվող անձանց հաշմանդամության կենսաթոշակից՝ շուրջ 30.000 դրամ։

Այդ գումարի 80 %–ը ծախսվում է տան հիմնական կարիքները հոգալու համար, մի մասը՝ դեղերի, 2-3 հազար դրամ յուրաքանչյուրը պահում է իրեն՝ սրտի ուզածն առնելու համար։

«Եթե չլինեն բարերարները, մենք չենք կարողանա գոյատևել։ Նախորդ տարիներին նվիրատվություններն ավելի շատ էին, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ։ Այսօր օգնության կարիք ունեցողները շատացել են։ Բացի այդ, մենք մեծ հողամաս ունենք, որը մշակում ենք մեր բնակիչների հետ։ Գրեթե միշտ շատ լավ բերք ենք ստացել՝ կարտոֆիլ, կաղամբ, գազար, լոբի։ Հանգիստ ենք եղել գոնե սննդի մասով։ Կարողացել ենք անգամ ձմռան համար պահածոյացնել որոշ բաներ։

Բայց այս տարի գարնանը ուժեղ կարկուտ եկավ, ու ամբողջ բերքը փչացավ։ Սննդի հիմնական մասը կորցրեցինք։ Այս տարի չափազանց դժվար օրեր ենք ունեցել, երբ գրեթե հուսահատ էի, բայց, փառք Աստծո, ամեն անգամ հայտնվում է մի բարի մարդ, օգնում է հաղթահարել այդ պահի դժվարությունը», – ասում է Բավական Պետրոսյանը։

Այսօր հաստատությունը շատ ավելի լուրջ խնդրի առջև է կանգնած։ Հնարավոր է՝ տարեվերջին խնամքի տունը ստիպված լինի լքել մշտական տարածքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, նորի կնքման համար բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

Խմբային տան բնակիչների մեծ մասը սիրում է ստեղծագործական աշխատանքով զբաղվել։

Տան բնակիչները

Ամալյան Սպիտակի խնամքի տուն տեղափոխվել է 4 տարի առաջ, հոգեբուժարանից։ Կոկիկ, ժպտերես, չափազանց կիրթ այս աղջիկը հատուկ հաստատությունում հայտնվել է հիվանդության ու խաբեության պատճառով։ Մոր մահից հետո հայրը լքել է ընտանիքն ու տունը, և Ամալյան դարձել է դրա միակ սեփականատերը։ Պատահական ծանոթները՝ մայր և դուստր, առաջարկել են գնել տունը՝ բավականին լավ պայմաններով։ Ամալյան համաձայնել է։

Առքուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո, սակայն, գնորդները հրաժարվել են վճարել աղջկան։ Հերթական վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Խաբեբաներից մեկը հայտնվել է հիվանդանոցում, Ամալյան՝ հոգեբուժարանում․

«Չգիտեմ՝ ինչպես ստացվեց․ ուղղակի ստացվեց։ Ես սովորում էի համալսարանում՝ արևելագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում։ Համալսարանն այդպես էլ չավարտեցի։ Հիմա պարսկերեն խոսում և կարդում եմ, բայց թարգմանություններ անել երևի չեմ կարողանա։ Շատ բան մոռացել եմ։ Այստեղ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ ընթերցանությամբ ու գոբելեն գործելով։ Շատ գործեր ունեմ, որոնք դեռ ցուցադրված չեն․ շրջանակների համար գումար չկա», – ասում է Ամալյան՝ հերթով ցույց տալով խնամքով պահված աշխատանքները։

Ամալյան ցուցադրում է իր աշխատանքները։

Նախորդ տարի համայնքային ընտրությունների ժամանակ Ամալյան աշխատել է նախընտրական շտաբում։ Ստացած աշխատավարձով՝ 150.000 դրամ, բուժել է ատամներն ու իր ուզած հագուստը գնել։ Այս տարի ևս նրան աշխատանք են առաջարկել։

Վերջին ամիսներին Ամալյան համացանցով ծանոթացել էր մի իրանցի տղայի հետ․ մի զրույցին հաջորդում էր մյուսը, թվում էր՝ սեր է։

«Խոստացավ, որ կգա Հայաստան՝ ինձ տեսնելու։ Խոստացավ, բայց չեկավ», – ասում է նա։

«Նեղացա՞ծ ես», – հարցնում եմ։

«Հիմա արդեն ոչ», – ասում է Ամալյան, որին մինչ օրս որևէ մեկը ընտանիքից այցելության չի եկել։

Հրաժեշտից առաջ Ամալյային հարցնում եմ՝ ի՞նչ բերեմ իրեն հաջորդ անգամ։

«Գրքեր բեր։ Այստեղ բոլորն արդեն կարդացել եմ։ Ու, եթե կստացվի, Բայրոնի գործերից բեր, ես նրա ոճը շատ եմ սիրում», – պատասխանում է նա։

Նույն սենյակում է ապրում նաև Գայանեն։ Նա 27 տարեկան է, դրանցից 4–ն անցկացրել է Սպիտակի խնամքի տանը։ Անհաջող ամուսնությունը, ընտանեկան բռնությունը՝ ֆիզիկական և հոգեբանական, երիտասարդ կնոջը հասցրել էին հոգեբուժարան։

Հոգեպես և ֆիզիկապես հյուծված՝ այստեղ Գայանեին հաջողվեց վերականգնվել, իսկ հաստատության տնօրենին՝ համոզել ընտանիքին երիտասարդ կնոջը չզրկել մայրական իրավունքներից։ Այսօր նա միակն է, ով ամիսը մեկ անգամ այցելուներ է ունենում՝ իր երկու փոքրիկ երեխաները։ Կուզենար՝ ավելի հաճախ գային, բայց ճանապարհածախսը հոգալը չափազանց բարդ է․ խնայում է իր թոշակից։

«Մինչև երեխաներիս գալը իմ թոշակից հավաքում եմ, կոնֆետներ առնում նրանց համար։ Ամալյան նաև գործել է սովորեցրել, աղջկաս համար ծաղիկներ ու մազակալներ եմ գործում, նվիրում։ Եթե կարողանայի մի քիչ շատ գումար տնտեսել, ամիսը երկու անգամ կգային, բայց չեմ կարողանում», – ասում է Գայանեն։

Գայանեն տան բակում սպասում է իր երեխաներին։

Տան կարգուկանոնը

Սպիտակի խնամքի տան բոլոր բնակիչներն արթնանում են առավոտյան 7։30-ին։ Նախ կարգի են բերում իրենց սենյակները, ապա անցնում գործի։ Այստեղ յուրաքանչյուրն իր անելիքն ունի․ մեկը օրվա հերթապահն է, օգնում է խոհանոցում, մյուսները՝ խնամում են այգին ու նապաստակներին։

Այստեղ ամեն մեկը զբաղվում է իրեն հաճելի գործով։

Օրական 10 ծխախոտ՝ յուրաքանչյուրին, և երկու բան, որ չկա ոչ մի այլ հաստատությունում՝ սուրճ և բջջային հեռախոսներ, որ նվիրել են բարերարները։

Սպիտակի խմբային տան պայմանները համեմատելի չեն հոգեբուժարաններում տիրող իրավիճակի հետ։

Այս տանը բոլոր հազվադեպ վեճերը նույն պատճառն ունեն՝ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։

Ճաշի ժամին։

Դդումով ապուր, մակարոնով փլավ, իսկ երեկոյան՝ հնդկաձավար՝ ձկան պահածոյով։ Վառարանում թխվում է թարմ հացը՝ ամեն օր, 8 հատ։ Այսօրվա ճաշացանկը, կարծես, բոլորի սրտով է։ Իսկ երեկոյան նրանց անակնկալ է սպասում՝ կարտոֆիլով կարկանդակ, որն ամենից շատ են սիրում։

Վերջին շրջանում տանը անսովոր լարվածություն կա․ բոլորը սպասում են տարեվերջին և տարածքի հարցի լուծմանը։ Այսօր Սպիտակի խնամքի տանը բնակվելու համար 100–ից ավելի սպասող կա, բայց նման հաստատություններում տեղերն ազատվում են միայն մի դեպքում՝ բնակչի մահվան։

Նախասրահում Վիսոցկուն փոխարինում է Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի»–ն։ Մեծ սրտերով փոքր գործեր անելու մասին գրությունը ևս այստեղ է՝ առնվազն մինչև տարեվերջ։ Ի՞նչ կլինի դրանից հետո, ոչ ոք չգիտի։ Բայց եթե տարածքի հարցը չլուծվի, խնամքի տան 18 բնակիչները կհայտնվեն կա՛մ փողոցում,  կա՛մ հոգեբուժարաններում։ Այստեղ բնակվողներից որևէ մեկին տանը չեն սպասում։

Բավական Պետրոսյանը հույս ունի, որ տարածքի հարցը շուտով կլուծվի, այլապես չգիտի՝ ինչպե՞ս է նայելու այս տանն ապրող մարդկանց աչքերին։

Սոնա Մարտիրոսյան

Աղբյուրը՝ JAMNEWS