Կանգառ, ներկայացումներ, տպավորություններ. «Թատրոն Կայարանը» սկսել է հյուրախաղերը 

«Թատրոն Կայարանն» ազդարարել է հյուրախաղերի մեկնարկը հունիս ամսից: Թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանն ասում է, որ «Կայարանի» առաջին կանգառը Արարատի մարզն էր. «Արձագանքը ոգևորիչ է: Թատրոնի էջում արարատցիները հիացական մեկնաբանություններ են թողել, խնդրել՝ կրկնել ներկայացումը: «Չարաճճի խոզուկների նոր արկածները» ժպիտ և ուրախություն էին պարգևել փոքրիկ հանդիսատեսին։ 

Սա մեր առաջին հյուրախաղն էր Արարատում՝ Արարատի մշակույթի կենտրոնում։ Արձագանքից դատելով՝ ներկայացումը կարող ենք ստացված համարել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արարատում հանդես գալու համար: Իսկ հուլիսի 2-ին «Կայարանի» հերթական կանգառը եղավ Հրազդանի դրամատիկական թատրոնում՝ կրկին հանդես գալով «Չարաճճի խոզուկների նոր արկածները» մանկական երաժշտական ներկայացումով, որտեղ ևս այն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատանքին: Թատրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանին, կազմակերպչական աշխատանքները համակարգող Գևորգ Եսայանին և անձնակազմի մյուս անդամներին: Շնորհակալություն ենք հայտնում նաև Հրազդանի համար 6 մանկապարտեզի տնօրեն Լուսինե Թովմասյանին, համար 7 մանկապարտեզի տնօրեն Անի Եղիազարյանին և Քաղսիի մանկապարտեզի տնօրեն Ասպրամ Ավագյանին, որոնքկազմակերպեցին երեխաների ներկայությունը՝ մանկական ներկայացմանը պարգևելով երջանիկ զգացողություններ ու անմոռանալի տպավորություններ»: 

Հուլիսի 9-ին թատրոնի հաջորդ կանգառը կլինի Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում: Թատրոնի ղեկավարությունը սիրով սպասում է Գավառի հանդիսատեսին և խոստանում, որ ևս մեկ ներկայացում կլինի Երևանում: 

Իսկ թատրոնի երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ, որով կազդարարվի նաև թատրոնի պաշտոնական բացումը: Այս մասին տեղեկացրեց Անդի Սողոմոնյանը և հավելեց, որ աշնանը հնարավոր է Արցախ մեկնեն՝ փառատոն է լինելու…

«Թատրոն Կայարանն» իր գործունեությունը սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։

«Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գործող «Թատրոն Կայարանը» դեռևս իր փոքր խաղացանկով՝ «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սե՜ր ֆրանսիական ձևով», արդեն հասցրել է գրավել հանդիսատեսին: Ինչպես թատրոնի թիմն է ասում՝ այստեղ միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը։ Կարևորում են ազգային արժեքների պահպանումը։ Ներկայացումները գունեղ են ու հետաքրքիր, դերասանները՝ փորձառու։ Դահլիճը նախատեսված է 280 հանդիսատեսի համար, հնարավորություն կա ընդլայնելու և ընդունելու 400 հանդիսատեսի։ 

Անդի Սողոմոնյանն նշում է, որ թատրոնի անունն ու հասցեն պարզապես զուգադիպել են: «Կայարանը» ավելի շուտ թատրոնի «կանգառներն» է խորհրդանշում, երբ մեկնում են հյուրախաղերի, ասում են՝ «Կայարանը» կանգ առավ, ենթադրենք՝Կապանում։

Ինչ վերաբերում է նրան, որ ի տարբերություն «Թատրոն Կայարանի», երևանյան հիմնական թատրոնները գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում, թատրոնի կազմակերպչական գծով փոխտնօրենն այստեղ խնդիր չի տեսնում. 

«Կենտրոնից հեռու լինելը բացարձակ խնդիր չէ, տեղի բնակիչները շատ ակտիվ են, կենտրոնից և այլ թաղամասերից նույնպես գալիս են, ավելին՝ մարզերից են գալիս, հաճախ՝ խմբերով, դասարանով, մանկապարտեզի կազմով և այլն։ Միևնույն հանդիսատեսը գալիս է երրորդ-չորրորդ անգամ»։