Կարճ ժամկետներում Հայաստանի աջակցելու տարբերակներ ենք փնտրում. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է կարճաժամկետ կտրվածքով Հայաստանին տրամադրվող աջակցությունն ավելացնելու հնարավորությունները՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշման պայմաններում։ «Կարճ ժամկետներում Հայաստանի աջակցելու տարբերակներ ենք փնտրում»,-այս մասին Կոսը գրել է X-ի իր էջում։

Նա հայտնել է, որ հունիսի 2-ի կեսօրին արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և վերահաստատել է Եվրամիության համերաշխությունը Հայաստանի նկատմամբ։

«Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, և նրա ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի ճանապարհը»,- գրել է Կոսը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև արագացնելու է աշխատանքը Հարավային Կովկասում և տարածաշրջանի ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանության հետ։