«Ռեքոմ». խոստացված ներդրումային ծրագիրն այդպես էլ իրականություն չի դարձել․ Fip.am

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում էր «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, նոյեմբերի 29-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանը, խոսելով ներդրումների մասին, հայտարարեց«Տեսեք՝ ասում են ներդրումային ծրագրեր չկան, բայց ներդրումային շատ կարևոր ծրագրեր են իրականացվում։ Ես արդեն ասել եմ մի քանի տեղ, որ «Ռեքոմ» ընկերությունը, օրինակ, Հայաստանում պլանավորում է ստեղծել ֆոտովոլտային մարտկոցների գործարան Կոտայքի մարզում, այսինքն՝ մի քիչ Կոտայքի մարզ ասածը էտքան էլ տեղին չէ, որովհետև Երևանին կպած Քասախ և Պռոշյան գյուղերի տարածքում 100 մլն դոլարի ներդրում է մոտավորապես»։

Փաշինյանը վստահություն էր հայտնել, որ ներդրումային ծրագիրը կիրականացվի, քանի որ, իր խոսքով, գործարանի ամբողջ մեքենա-սարքավորումներն արդեն ներկրված էին և գտնվում էին Հայաստանում։

Այս հայտարարությունից մի քանի օր անց՝ ընտրությունների նախօրեին, դեկտեմբերի 8-ին, կառավարության կայքում հրապարակվեց «Ներդրումային նոր ծրագիր՝ 49 մլրդ դրամ արժողությամբ. «Ռեքոմ» ընկերությունը գալիս է Հայաստան» հոլովակը, որում Տարածքային զարգացման և ներդրումների նախարարության (ՏԶՆՆ) արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հայտնում էր, որ ընկերությունն արդեն սկսել է սարքավորումների ներկրումը Հայաստան։

«Հիմա քննարկում ենք նաև տարածքի հարցը ընկերության հետ, որտեղ պետք է կառուցվի գործարանը։ Եկող տարվա (2019 թ․- խմբ․) երկրորդ կեսին արդեն մենք կունենանք այդ գործարանը, որը կմեկնարկի»,— ասել էր Եգանյանը։ 

Այս հայտարարությունից անցել է ավելի քան 1․5 տարի, սակայն գործարանը դեռևս չի գործարկվել։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ՝ ինչո՞ւ։

Ներդրումային ծրագիրը պասիվ փուլում է

Էկոնոմիկայի նախարարությունից ստացած պարզաբանման համաձայն՝ «այս պահին ներդրումային ծրագրի շուրջ քննարկումները պասիվ փուլում են»։

Նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ է ենթադրում «քննարկումների պասիվ փուլը»։ Պարզվեց, որ քննարկումների ինչ-որ փուլում ընկերության հետ բանակցություններն ընդհատվել են, և «Փաստերի ստուգման հարթակի» հարցումը ստանալուց հետո միայն նախարարությունը կրկին փորձել է կապ հաստատել ընկերության հետ։

Արդյունքում, ըստ նախարարության պարզաբանման, ընկերության ներկայացուցիչները խոստացել էին ներկայացնել պրեզենտացիա։ Իսկ թե ի՞նչ պրեզենտացիայի մասին է խոսքը, ե՞րբ կվերսկսվեն բանակցությունները և այլն՝ նախարարությունում հստակ ժամկետներ դժվարացան հայտնել։ Սակայն մի բան հստակ է՝ ներդրումների մասին հայտարարության պահին ընկերության հետ դեռևս տարվում էին նախնական բանակցություններ, և կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ կամ ստորագրված փաստաթղթեր չէին եղել։

«Ռեքոմ» ընկերության մասին

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Ռեքոմ» ընկերությունը ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 17-ին։ Հիմնադրումից ընդամենը 2 ամիս անց տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն՝ Արմեն Ղարիբյանին փոխարինել է Պետրոս Սիմոնյանը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարումներից էլ պարզ է դառնում, որ ընկերությունն առաջին կես տարում հիմնադրամին վճարումներ չի կատարել, իսկ նախորդ տարվա ընթացքում կատարած պարտադիր վճարումները խոսում են այն մասին, որ ընկերությունն ունի ընդամենը երկու աշխատակից։

«Ռեքոմ» ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կոնտակտային տվյալներ բաց աղբյուրներում չգտանք։ Էկոնոմիկայի նախարարությունից նույնպես ընկերության մասին որևէ տեղեկություն այդպես էլ չտրամադրեցին։

Այսպիսով, «Ռեքոմ» ընկերության կողմից 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտնած և կառավարության կայքում ներկայացված տեղեկությունն ընդամենը նախընտրական չիրականացված խոստում է։

www.fip.am