Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել, այն, ինչ ունեցել ենք 94 թվականին, կունենանք նաև այսօր․ Արայիկ Հարությունյանը՝ Ալիևին

Այսօր իր ուղիղ եթերում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ թե աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում և այն համարել քաղաքական գործչին ոչ վայել հայտարարություն։

«Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք։ Ուզում եմ Ձեզ վստահեցնել՝ այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր։ Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել», -դիմելով Ալիևին, հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է հարցի լուծմանը՝ խաղաղ ճանապարհով։

«Այն հայտարարությունը, որը դու արել ես, թե միայն փուլային լուծում է լինելու ես պատասխանում եմ՝ իհարկե, միայն փուլային լուծում կարող է լինել, բայց միայն մի տարբերակով՝ առաջինը ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ բանակցություններ։ Այլ տարբերակ չի լինելու», -հայտարարել է Հարությունյանը։